Հայաստանը 3-րդ ամենառազմականացված երկիրն է աշխարհում. զեկույց

Հայաստանը ռազմականացման ցուցիչով 152 երկրների շարքում հայտնվել է երրորդ հորիզոնականում: Հայաստանը ռազմականացման ցուցիչով 152 երկրների շարքում հայտնվել է երրորդ հորիզոնականում:

Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնը (Bonn International Center for Conversion, BICC) հրապարակել է իր ամենամյա Ռազմականացման գլոբալ ինդեքս-2014-ը (Global Militarization Index (GMI) 2013): Զեկույցի համաձայն՝ Հայաստանը ռազմականացման ցուցիչով 152 երկրների շարքում հայտնվել է երրորդ հորիզոնականում:

BICC-ի 2014թ. վարկանշային աղյուսակում առաջին տեղը կրկին զբաղեցրել է Իսրայելը (831,63 միավոր), որը GMI-ի վարկանիշը գլխավորում է` սկսած 2007-ից: Երկրորդ հորիզոնականում Սինգապուրն է` 800.95 միավորով:

Ռազմականացման բարձր մակարդակով երկրների տասնյակում հաջորդում են Սիրիան (773.56 միավոր), Ռուսաստանը (760.95 միավոր), Կիպրոսը (757.12 միավոր), Հարավային Կորեան (756.72 միավոր), Հորդանանը (748.74 միավոր), Հունաստանը (746.78 միավոր) և Ադրբեջանը (746.19 միավոր):

Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը ռազմականացման շատ բարձր մակարդակ են ցույց տալիս և վերջին տարիների ընթացքում զգալիորեն ավելացրել են իրենց ռազմական ծախսերը: «Այս երկու երկրներում ռազմականացման բարձր մակարդակը, այնուամենայնիվ, պետք է դիտել ամբողջական համատեքստում: Հինգերորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանը զենք է մատակարարում Հարավկովկասյան այս երկու պետություններին էլ և 2008-ից սկսած՝ համապարփակ ռազմական բարեփոխում է անցկացնում»,- ընդգծում են զեկույցի հեղինակները:

Հայաստանի հարևաններից Թուրքիան աղյուսակում 23-րդն է` 689.06 միավորով, Իրանը` 30-րդը` 674.96 միավորով, Վրաստանը` 47-րդը` 618.6 միավորով:

GMI-2013-ում ԱՄՆ-ը զբաղեցրել է 31-րդ տեղը (673.54 միավոր), Չինաստանը` 89-րդը (560.82 միավոր):

Անդրադառնալով զեկույցին՝ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իհարկե այս ուսումնասիրությունը մեղմ ասած լիովին չի համապատասխանում իրականությանը (չի կարելի զուտ համեմատականներով վերջնական եզրակացություն անել այս կարևոր ոլորտում), սակայն սա հերթական անգամ փաստում է մի կարևոր ու հիմնարար ճշմարտություն. Հայաստանը անվտանգության վրա ծախսելով մի քանի անգամ ավելի պակաս գումար իր բանակի մարտունակությունը պահում է ավելի բարձր մակարդակի վրա: Նրանց համար ընդհանուր գծերով սա նշանակում է կա բալանս, ինչպես որ ասում էին 2011թ. ի վեր»:

2013-ին Հայաստանը BICC-ի վարկանշային աղյուսակում զբաղեցրել էր չորրորդ հորիզոնականը:

Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնը ռազմականացման ամենամյա ինդեքսը հրապարակում է 1990-ից: Կենտրոնը անկախ ոչ առևտրային կազմակերպություն է, որը զբաղվում է խաղաղության և զարգացման խնդիրներով: Երկրների ռազմականացումը գնահատվում է մի շարք ցուցանիշներով: Օրինակ` համեմատվում են երկրների պաշտպանական բյուջեների ծավալները նրանց ՀՆԱ-ի հետ, ինչպես նաև գնահատվում է սպառազինության հասանելիությունը քաղաքացիների համար: Երկրների մասին տեղեկատվությունը վերցվում են Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտից (Stockholm International Peace Research Institute, SIPRI), Արժույթի միջազգային հիմնադրամից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Երկրները գնահատվում են 0-1000 բալային համակարգով, որտեղ 1000-ը առավելագույն ռազմականացման ցուցանիշն է: