«Նախախորհրդարանն» արձագանքել է Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը

MHM92141«Նախախորհրդարանն» արձագանքել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների այրված մեքենաների մասին հայտարարությանը՝ գնահատելով այն որպես «կատարված հանցագործությունը կոծկելու ձգտում»:

Դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքներին նվիրված կլոր սեղանից հետո լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը, անդրադառնալով «Նախախորհրդարան» քաղաքական նախաձեռնության անդամներին պատականող ավտոմեքենաների այրվելու փաստին, ասել էր. «Զարմանալի է, որ բոլորն այրվել են այնպիսի վայրերում, որտեղ տեսախցիկներ չեն եղել»: Հարցին՝ արդյոք կասկածներ ունի՞, որ «Նախախորհրդարանի» անդամներն իրենք են այրել իրենց ավտոմեքենաները, ոստիկանապետը պատասխանել է, որ «ոչինչ չի կասկածում»:

«Ավտոմեքենաներից մեկը հրկիզվել է գաղտնի և բացահայտ դիտման ու ձայնագրման բազմաթիվ սարքերով զինված ԱԱԾ-ի շենքի դիմաց, իսկ մյուսը՝ ոստիկանության կենտրոնականի բաժնի մոտակայքում: Մնացած ավտոմեքենաներն հրկիզվել են սեփականատերերի բակերում, որտեղ, որպես կանոն, կայանված են լինում գիշերային ժամերի ընթացքում:

Ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող անձը թերևս այնքան է կտրվել իրականությունից, որ իր և իր շրջապատի օրինակով ինքնաբերաբար կարծում է, թե բոլոր քաղաքացիներն հնարավորություն ունեն տեսանկարահանող սարքեր տեղադրել իրենց տների ու շենքերի տարածքում:

Ի պատասխան Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, թե կա ընդամենը մեկ տեսախցիկ, որը ոչինչ չի ֆիքսել, կից ներկայացվում է ԱԱԾ-ի շենքի դիմաց Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Շահեն Պողոսյանի ավտոմեքենայի հրկիզման դեպքի տեսագրության մի դրվագ: Տեսագրությունը կատարվել է մոտակա խանութներից մեկի տեսախցիկով: Տեսանյութում պարզ երևում է, որ ավտոմեքենան հրկիզողը շատ ինքնավստահ է, բացարձակապես չի շտապում ու խուճապի չի մատնվում և որևէ ջանք չի գործադրում ԱԱԾ-ի տեսախցիկներից դեմքը թաքցնելու համար:

Իսկապես՝ տարօրինակ է: Տարօրինակ է, որ ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող անձը բացեիբաց կեղծում է, թե ԱԱԾ-ի և ոստիկանության տարածքը չեն տեսագրվում»,- ասված է «Նախախորհրդարանի» հաղորդագրությունում:

«Նախախորհրդարանի» ներկայացրած տեսանյութը՝ ստորև:

Մեկնաբանել