Արևային ջրատաքացուցիչ՝ սահմանամերձ Վահանի մանկապարտեզում

P1070029Գեղարքունիքի սահմանամերձ Վահան գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում։ Այս մասին հաղորդում են FPWC մամուլի ծառայությունից։

«Այլընտրանքային էներգիայով աշխատող ջրատաքացուցիչ համակարգը կարևոր է ոչ միայն հարմարավետության տեսանկյունից՝ տաք ձմեռ անցկացնելու իմաստով, այլև շահեկան է տնտեսական առումով` ֆինանսական ծախսերը նվազեցնելու առումով: Այսօրինակ ծրագրերը արդարացված են նաև բնապահպանական տեսանկյունից: Ուրախ եմ, որ մենք կարող ենք թեթևացնել մեր հայրենակիցների սոցիալական բեռը»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Վահան գյուղն ունի 1228 բնակիչ։ Գյուղի մանկապարտեզի երկհարկանի շենքը կառուցվել է 1960-ականների վերջին: Այսօր մանկապարտեզն ունի 42 սան և 11 հիմնական աշխատող:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում ջրատաքացուցիչ համակարգը միացվել է մանկապարտեզի ջեռուցման և տաք ջրի մատակարարման համակարգին, որի միջոցով ցերեկային ժամերին ամբողջությամբ անվճար սկզբունքով ջեռուցվում և տաք ջուր է մատակարարվում մանկապարտեզին: Մանկապարտեզն աշխատում է ցերեկային ժամերին, իսկ գիշերն անհրաժեշտ է լինում ապահովել միայն ջեռուցում, որպեսզի համակարգը չսառչի: Այս ամենի արդյունքում հնարավոր է լինում առնվազն 60%-ով տնտեսել գազի սպառումն ու կրճատել ծախսը:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ: Տասն ամիս տևողությամբ ծրագիրը, որն իրականացվելու է Գեղարքունիքի (Վահան և Ծովագյուղ) և Արարատի (Պարույր Սևակ, Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր) մարզերի վեց համայնքներում, պարունակում է երկու բաղադրիչ` դասընթացներ տեղաբնակների համար և աջակցություն` համայնքներին այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում (արեգակնային ջեռուցման համակարգ, էլեկտրական ցանկապատեր, LED փողոցային լուսավորություն):

Մեկնաբանել