Պորոշենկոն Պուտինին կոչ է անում դուրս բերել զորքերը իր տարածքից

Petro-PoroshenkoՈւկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Մոսկվայից պահանջել է փակել ռուս-ուկրաինական սահմանը, քանի որ կարծում է, որ դա կհանգեցնի խաղաղության հաստատմանը երկրի արևելքում։ Այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 10-ին Մելբուռնում՝ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

«Խնդրում եմ՝ դադարեցրեք կրակը։ Խնդրում եմ՝ ազատ արձակեք գերիներին։ Խնդրում եմ՝ դուրս բերեք զորքերը իմ տարածքից։ Խնդրում եմ՝ փակեք սահմանը։ Եվ ես խոստանում եմ, որ եթե դուք փակեք սահմանը, ապա մեկ, երկու, երեք շաբաթվա ընթացքում Ուկրաինայում կտիրի խաղաղություն և կայունություն։ Ամեն բան պարզ է»,- ասել է Պորոշենկոն, որի խոսքը մեջբերում է AFP-ն։

Ուկրաինայի նախագահը հստակեցրել է, որ իր երկիրը «պատերազմում է ոչ միայն հանուն իր անկախության, տարածքային ամբողջականության, այլև հանուն ազատության, ժողովրդավարության և խաղաղության»։ Պորոշենկոն վստահ է, որ «քաղաքակիրթ ամբողջ աշխարհը, Եվրամիությունը, Ավստրալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ճապոնիան՝ ամբողջ աշխարհը Ուկրաինայի հետ համատեղ է հանդես գալիս»։

Թոնի Էբոտը հաստատել է Ուկրաինայի հետ Ավստրալիայի համերաշխությունը։

Ուկրաինայի հարավ-արևելքում այս տարվա ապրիլից մարտական գործողություններ են տեղի ունենում ռուսամետ անջատականների և Կիևի իշխանությունների միջև։ Կիևն ու Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են անջատականների ֆինանսավորման և մարտական վերապատրաստման մեջ։ Մոսկվան այս մեղադրանքները հերքում է և հայտարարում է, որ ինքը հակամարտության կողմ չէ։