Քննադատություններ Էրդողանի՝ օսմաներենի պարտադիր դասերի դեմ

bookԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիայի ուսումնական ծրագրերում օսմաներենի պարտադիր ուսուցման մասին հայտարարությունից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչներն սկսեցին դեմ արտահայտվել: Անկարայում՝ Կրոնական հարցերի վարչության կրոնական խորհրդի նիստի ժամանակ, Էրդողանի հայտարարությունը խիստ քննադատության ալիք է բարձրացրել: Նա ասել էր. «Կան մարդիկ, որոնք չեն ցանկանում սովորել և սովորեցնել օսմաներեն: Սա շատ մեծ վտանգ է: Ուզեն, թե չուզեն՝ սովորելու և սովորեցնելու են օսմաներեն»:

Այդ մասին Al-Monitor վերլուծական կայքում հոդված է հրապարակվել, որտեղ վերլուծաբան Թուլին Դալողլուն գրում է, թե Էրդողանը քննադատում է Սուլթան Մահմուդ Բ-ի 1839-ին նախաձեռնած բարեփոխումները: «Մոտ 200 տարի որոշ խնդիրներ ազատորեն, ինքնավստահությամբ և քաջությամբ չէին կարող քննարկվել: Կրոնը, որ Թուրքիայի բոլոր խնդիրների սրտում է, չէր կարող քննարկվել առարկայորեն, անկողմնակալ, առանց վախի և շրջապատի ճնշման: Իրականում, մի կողմ թողենք կրոնական հարցերի ազատ քննարկման հարցը, կրոնը և պաշտամունք կատարող մուսուլմանները մոտ 200 տարի ծրագրված քննադատության, վիրավորանքի և ծաղրանքի էին ենթակա»,- ասել է Էրդողանը:

Աքդենիզ համալսարանի փիլիսոփայության դասախոս Շահին Ֆիլիզը կարծում է, որ Էրդողանի ոճը մինչև այդ քննադատական էր հանրապետական շրջանի բարեփոխումների նկատմամբ, ինչպիսին են Աթաթուրքի կողմից 1928-ի արաբական այբուբենի լատինատառով փոխարինումը: Իսկ նրա այս հայտարարությունը խնդիրը տանում է հանրապետության ստեղծումից առաջվա շրջանը, որպեսզի կարողանա շահել քեմալիստների, ազգայնականների և բոլոր նրանց վստահությունը, որոնք ընդդիմությունում են լինելու հաջորդ ընտրություններին: Ըստ Ֆելիզի՝ նրանց համար տպավորություն է ստեղծում, թե իրենք միակ պատասխանատու կողմը չեն ազգն իր արմատներից կտրելու հարցում:

«Նա մեղադրում է Սուլթան Մահմուդ Բ-ին նրա՝ օսմանցիներին դեպի արևմտականացման տանող բարեփոխումներին համար: Նա պարզապես ցանկություն է արտահատում հետ գնալ դեպի այն օրերը, երբ դեռ այս բարեփոխումները չէին սկսվել»,- ասել է Ֆիլիզը: «Նախագահն անուղղակիորեն ընդունում է, որ բոլոր այս արևմտականացման ճիգերը, որ կոչ են անում հավասարության, մարդու իրավունքների պաշտպանության, աշխարհիկ համակարգի, ժողովրդավարության, դատական համակարգի հանդեպ հարգանքի և օրենքի իշխանության, չեն համատասխանում նրա ամբողջատիրական խառնվածքին»:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները նաև խիստ քննադատում են, թե Էրդողանը վատնում է ազգի ժամանակն ու ուժը մի բանի համար, որը չի ծառայում երկրի այսօրվա կարիքներին: «Նույնիսկ եթե բանակը գա իմ դստերը բռնի տանելու, որ օսմանական ժամանակի թուրքերենի պարտադիր դասերին հետևի, չեն կարող դա անել»,- ասել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահէթթին Դեմիրթաշը: «Օսմանական ժամանակի թուրքերենը դպրոցներում պարտադիր դարձնելն անիմաստ է: Մեզ տարիներով ստիպեցին, որ ազգային երդումն ամեն առավոտ արտասանենք, որն այսօր չի կատարվում»:

Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության Ստամբուլի պատգամավոր Նուր Սերթերի համաձայն Էրդողանի նպատակը 1923-ի հեղափոխությունը չեղյալ անելն է:

Քննադատները նաև հարցի տակ են դնում կառավարության առաջնահերթությունները: Թուրք ուսանողներն ընդհանրապես վատ են մաթեմատիկայից, գիտական առարկաներից և գրել-կարդալուց: Ընդդիմադիրները պնդում են, որ սրանք այն առարկաներն են, որոնք կարող են օգնել երկիրն ավելի զարգացնելուն: Կրոնի և անցյալի պարտադիր ուսուցումը չեն նկատվում որպես հիմնական ուժ, որի միջոցով կարելի է կառուցել այսօրվա և ապագայի երկիրը: Քննադատները նաև բողոքում են երթևեկության և մարդու իրավունքների մասին դասերը հանելու որոշումը:

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության Կայսերիի պատգամավոր Յուսուֆ Հալաչողլուն, որը նաև տարիներով գլխավորել էր Թուրքիայի պատմության կաճառը և զբաղվել Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությամբ, միակ պատգամավորն է, որ սահուն գրում և կարդում է օսմանական ժամանակի թուրքերենով: Նա համոզված է, որ ուսանողները հազիվ կկարողանան օսմանական ժամանակի կիսատ-պռատ թուրքերեն սովորել, և դա չի օգնի մարդկանց իրենց անցյալը սովորել: Հալաչողլուն առաջարկում է, որ պետությունը բյուջե հատկացնի աջակցելու համար նրանց, ովքեր ուզում են սովորել օսմանական ժամանակի թուրքերենը և պատմությունը: Նրա կարծիքով՝ դրա շնորհիվ հասարակության ավելի լայն հատվածներ կօգտվեն նրանց գիտությունից: Սակայն Հալաչողլուն պնդում է, որ նախևառաջ թուրքերը ընդհանրապես հակված չեն ընթերցանության:

Մեկնաբանել