Գնային փոփոխությունները համահունչ են փոխարժեքի փոփոխություններին. Շաբոյան

_MG_9762Դրամի փոխարժեքի փոփոխությունն իր ուղղակի և անմիջական ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնք սկսել են թանկանալ նոյեմբերի 20-ից: Այսպիսի հայտարարություն է արել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը կառավարության դեկտեմբերի 11-ի նիստին, հաղորդում են գործադիրի մամուլի ծառայությունից:

Նա նշել է, որ ապրանքատեսակները, որոնց գծով հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել, դրանց գնային փոփոխությունները տատանվում են 2-ից 12-13 տոկոսի միջակայքում, այն դեպքում, երբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13 տոկոս:

«Կարելի է ասել, որ գնային փոփոխությունները համահունչ են փոխարժեքի փոփոխություններին, և փոխարժեքի փոփոխման վերին շեմը չեն գերազանցում»,- ասել է Շաբոյանը:

Շաբոյանի խոսքով ՝ ՏՄՊՊՀ-ն նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում (երբ դրամն ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է շուրջ 13 տոկոսով՝ 411-ից հասնելով 463 դրամի) գների ուսումնասիրություն է իրականացրել մի շարք սոցիալական նշանակության ապրանքների՝ շաքարավազի, կարագի, ձեթի, հավի մսի, հավկիթի, սուրճիմ ալյուրի և այլ շուկաներում, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները:

«Գնային բարձրացում է արձանագրվել նաև տեղական արտադրության ապրանքային շուկաներում, որոնցից հանձնաժողովի տեսադաշտում է կաթնամթերքի ոլորտը: Բնականաբար, փոխարժեքը կարող է իր ազդեցությունը թողնել նաև կաթնամթերքի գների բարձրացման վրա, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքատեսակներ, բաղադրիչներ ներմուծվում են: Բացի այդ, ձմռան ամիսներին տվյալ ժամանակահատվածում հանրապետությունում կաթնամթերքի արտադրության ծավալը կտրուկ նվազում է, և փոխարժեքը կարող է ներմուծված կաթի փոշու միջոցով իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա»,- ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ կաթնամթերքի գները տարբեր չափով են փոխվել, և կան որոշ տեսակներ, որ գնային փոփոխության չեն ենթարկվել:

Նրա խոսքով՝ բացառություն է հնդկաձավարը, որի գներն էականորեն բարձրացել են, և դրա վրա, փոխարժեքի փոփոխությունից բացի, առաջին հերթին ազդել են ձեռքբերման գները, որոնք ևս մեծ չափով բարձրացել են:

«Այս ապրանքատեսակը մեր տնտեսվարողները հիմնականում ներմուծում են ռուսաստանյան շուկայից, և այս տարվա ընթացքում, պայմանավորված այն հանգամանքով, որ հնդկաձավարի բերքը կրճատվել է մոտ 20 տոկոսով, գները կտրուկ բարձրացել են, մի քանի անգամով են բարձրացել»,- ասել է Շաբոյանը:

Մեկնաբանել