Ինձ Հայաստան բերեց Դինքի ցավը․ Հասան Ջեմալ

Hasan-Cemal«Մոսկվա» կինոթատրոնում սկսվել է Սիվիլիթաս հիմնադրամի «Սարն ի վեր» նախագծի հերթական միջոցառումը։ Թուրք և հայ հայտնի գործիչների միջև անձնական զրույցների երկրորդ շարքի հյուրը Հասան Ջեմալն է՝ Հայոց ցեղասպանությունը ծրագրած օսմանյան երեք գլխավոր պաշտոնյաներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը։ Նրա զրուցակիցն է ՍիվիլՆեթի գործադիր խմբագիր Մարիա Թիթիզյանը։ Նախքան զրույցը սկսելը Հասան Ջեմալը հանդես եկավ հայտարարությամբ:

«Ինձ այստեղ բերեց իմ սիրելի Հրանտ Դինքի ցավը, ինձ այստեղ բերեցին նրա ցավերը, որոնցից գլխավորը Ցեղասպանության ցավն է։

Սիրելի Հրանտ եղբորս մեծ ցավը պատճառ դարձավ, որ ես գրեմ այս գրիքը՝ «1915․ Հայոց ցեղասպանությունը»։

Ցավերը հասունացնում են…. և՛ մարդկանց, և՛ ժողովուրդներին։

Սիրելի եղբայրս՝ Հրանտը, կյանքով վճարեց և կարողացավ տեղաշարժել կարևոր քարերը, որոնց օգնությամբ կարող են հաղթահարվել թուրքերի և հայերի պատմական ցավերը։

Նա մահացու հարված հասցրեց քարացած տաբուներին։

Այլ կերպ ասած՝ Հրանտ Դինքը կարողացավ Ցեղասպանության ցավը ևս մեկ անգամ զգացնել տալ մեզ։ Սիրելի Հրանտ Դինքն իմ սրտի դուռը բացեց դեպի հայերի ապրած վիշտը և օգնեց հասկանալ այդ ցավերն ու կիսել դրանք։ Կարող եմ նույնիսկ ասել, որ նա ազատ արձակեց իմ միտքը, իմ գերի ընկած միտքը։ Նա ինձ մեկ անգամ ևս օգնեց ըմբռնել, որ ցանկացած տեսակի ազգայնականություն խաղաղության թշնամին է։

Ես Հրանտ Դինքի ողբերգական մահով սկսեցի ավելի լավ հասկանալ, որ երբ ազգայնականությունները բախվում են, մարտնչում են միմյանց դեմ, հնարավոր չէ մարդկության համար բացել խաղաղության ճանապարհը։

Ջեյմս Ջոյսի «Ուլիս» վեպում ասվում է՝ պատմությունը այն գիշերային սարսափն է, որից միշտ ուզում ես արթնանալ։ Մենք բոլորս միասին պարտավոր ենք պատմությունը ազատել այդ գիշերային սարսափից, հետևաբար՝ ձերբազատվել դրանից, քանի որ մարդկության ամենամեծ սխալներից է պատմությունից վախենալը։

Այն վախը, թե պատմության էջերից կարող են դուրս գալ ուրվականներ և զոմբիներ ու մեզ կուլ տալ, շատ ծիծաղելի է։ Այսպիսի ծիծաղելի վախը շատ տարածված է Թուրքիայում։

Եկեք չվախենանք անցյալից։ Որ անցյալը գեղեցիկ ապագայի ճանապարհին չկարողանա բռնել մեր փեշերից, կամ չթողնենք պատմությանը, որ մեզ գերի վերցնի։ Պատմության պատճառով չթշնամանանք միմյանց հետ։

Ջարդելով պատմության շղթաները, եթե կարողանանք ազատ արձակել պատմությունը, մենք նույնպես կդառնանք ավելի ազատ։ Պատմության կանխակալ մտքերից ազատվելով՝ կսկսենք անցյալը հիշել ոչ թե ատելությամբ, այլ համոզված եմ՝ ցավերով։

Պատմությունն էլ, կյանքն էլ ժամանակ առ ժամանակ շատ դաժան են։

Որոշ մահեր, որոշ բաժանումներ, սակայն, կարճացնում են ճանապարհը դեպի խաղաղություն և ժողովրդավարություն։ Սիրելի Հրանտին դա հաջողվեց։ Հին հունական ասացվածքն ասում է՝ քանի գիշերը քեզ չի պատել, վառի՛ր մոմդ։

Հրանտ եղբայրս մի մոմ վառեց։ Հիմա հերթը մերն է՝ հայ, թուրք, մեր բոլորինը։ Պետք է չկառչենք մահերից և բռնվենք կյանքից։ Պետք է գրկենք այն և թույլ չտանք, որ մթությունը պատի մեզ։

Ես եկել եմ Երևան՝ կիսելու Ցեղասպանության պատճառով ձեր կրած ցավերը։ Բոլորիդ ողջունում եմ»,- ասաց Հասան Ջեմալը։

Ակնարկ

«Սարն ի վեր» ծրագիրը մարդկանց անձնական փորձառության պատմությունների շարք է։ Հայ և թուրք նշանավոր մարդիկ հանդիպում և խոսում են Ցեղասպանությանն առնչվող պատմական և քաղաքական բարդ խնդիրների մասին, որոնց առերեսվել են կյանքի ընթացքում, և սեփական փորձով ներկայացնում են առաջ շարժվելու իրենց տեսակետները։ Նպատակը երկու ժողովուրդների միջև փոխըմբռնմանը նպաստելն է։

Ծրագրի մեկնարկը տրվել էր 2012թ. սեպտեմբերի 4-ին Բեռլինում՝ «Նաուման» հիմնադրամում, երկրորդ միջոցառումը կայացել էր Ստամբուլում 2012թ. սեպտեմբերի 6-ին, իսկ երրորդը՝ Երևանում 2012թ. սեպտեմբերի 13-ին։ Դերասանուհի և հասարակական գործիչ Արսինե Խանջյանի և թուրք իրավաբան Ֆեթհիյե Չեթինի հետ զրուցել էր Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը։