Հայոց ցեղասպանության հիմքում ընկած է թուրքական ազգայնականությունը. Հասան Ջեմալ

Hasan-Jemal«Մոսկվա» կինոթատրոնում սկսվել է Սիվիլիթաս հիմնադրամի «Սարն ի վեր» նախագծի հերթական միջոցառումը։ Թուրք և հայ հայտնի գործիչների միջև անձնական զրույցների երկրորդ շարքի հյուրը Հասան Ջեմալն է՝ Հայոց ցեղասպանությունը ծրագրած օսմանյան երեք գլխավոր պաշտոնյաներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը։ 2012 թ. Ջեմալը տպագրել է իր «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը՝ նկարագրելով իր անձնական փոխակերպումը մարդուց, որը մերժում էր Հայոց ցեղասպանությունը, մարդու, որն ընդունում է այն։

Զրույցի սկզբում նա պատմել է, թե ինչն է ստիպել իրեն գրել այդ գիրքը.

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես՝ որպես գրող, որպես մտածող մարդ, հարցականի տակ դրեցի Թուրքիայի հողերը, Օսմանյան կայսրության պատմությունը: Ես կասկածի տակ դրեցի և´ դպրոցներում, և´ համալսարաններում մեր ընթերցած պատմությունը, պաշտոնական պատմական թեզերը: Ես ունեի կասկածներ և հասկացա, որ սա ստեղծագործված, սուտ պատմություն է: Ազգ-պետությունները մեջ շարժիչ ուժը ազգայնականությունն է, որը մի վիրուս է, որ թվում է, թե ձեր ազգայնականությունն ամենագեղեցիկն է: Դուք սկսում եք մյուսներին դարձնել օտար և նույնիսկ անվանում թշնամի: Եթե հարցնեք՝ ինչ է Հայոց ցեղասպանությունը, ես կասեմ, որ դրա հիմքում ընկած էր թուրքական ազգայնականությունը:

Եթե դուք ուսումնասիրեք, թե ինչպես է ստեղծվել ազգ-պետությունը Թուրքիայում, ապա կտեսնեք, որ դա այնպիսի մի պատմական հասկացողություն է, որում քրդերը պետք է մոռանան իրենց քուրդ լինելը, հայերը պարտավոր են մոռանալ իրենց ցավերը, ալևիները պարտավոր են մոռանալ իրենց ալևի լինելու փաստը, իսկ հավատացյալ մուսուլմանները չպետք է ազատ լինեն հասարակության մեջ իրենց հավատքը ցույց տալու հարցում, և ամեն ինչը պետք է մնա հսկողության տակ: Այսպիսով, Անատոլիայում պետք է ստեղծվի թուրքկան ազգային պետությունը: Սա էր ծրագիրը:

Եթե մենք այսօր Թուրքիայում ուենք ժողովրդավարության, իրավական պետության խնդիր, ապա դա ծնունդ է առել իթթահաթական կուսակցության առաջին տարիներից: Որոշակի սխալներ գիտակցված են եղել, որոշակի սխալներ անգիտակցաբար են արվել:

Երբ ես քաղաքագիտություն էի ուսունասիրում, ես հասկանում էի, որ այս պատմության մեջ ինչ-որ բան այն չէ, որն էլ եղավ իմ՝ քրդական հարցը, 1915թվականը, Դերսիմի կոտորածները հետազոտելու շարժիչ ուժը: Երբ ես սկսեցի ուսումնասիրել 1915թ. դեպքերը, հասկացա, որ այստեղ են ամենակոշտ տաբուները: Դրանց մասին խոսելը իսկապես կարող է խնդիրներ առաջացնել: Հրանտ Դինքը շատ լավ հասկանում էր, որ դա փորձանք է դառննալու, սակայն ինքը խանգարեց, անհանգստացրեց այն մարդկանց: Իրենից հետո մենք հասկացանք, և ինքը նույնպես հասկանում էր, որ Ցեղասպանության հարցը ոչ միայն անցյալի, այլև ներկայի հարց է: Դինքը շատ լավ գիտեր, որ այսօրվա հետ է պայքարում, և նա շատ թանկ վճարեց իր քաջության համար: Մենք տեսնում ենք, թե ինչպես Հրանտ Դինքը պատնեշներ տեղաշարժեց, և ես կարծում եմ՝ մենք նույնպես քայլեր պետք է անենք՝ տեղաշարժելու այդ պատնեշները: Եվ այս ուղղությամբ ես ցանկացա մի բան անել: Հեշտ չէր, բայց ինձ համար շատ կարևոր է իմ այստեղ լինելը»:

Ակնարկ

«Սարն ի վեր» ծրագիրը մարդկանց անձնական փորձառության պատմությունների շարք է։ Հայ և թուրք նշանավոր մարդիկ հանդիպում և խոսում են Ցեղասպանությանն առնչվող պատմական և քաղաքական բարդ խնդիրների մասին, որոնց առերեսվել են կյանքի ընթացքում, և սեփական փորձով ներկայացնում են առաջ շարժվելու իրենց տեսակետները։ Նպատակը երկու ժողովուրդների միջև փոխըմբռնմանը նպաստելն է։

Ծրագրի մեկնարկը տրվել էր 2012թ. սեպտեմբերի 4-ին Բեռլինում՝ «Նաուման» հիմնադրամում, երկրորդ միջոցառումը կայացել էր Ստամբուլում 2012թ. սեպտեմբերի 6-ին, իսկ երրորդը՝ Երևանում 2012թ. սեպտեմբերի 13-ին։ Դերասանուհի և հասարակական գործիչ Արսինե Խանջյանի և թուրք իրավաբան Ֆեթհիյե Չեթինի հետ զրուցել էր Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը։

Մեկնաբանել