Կայացել են Հայաստանի և Վրաստանի վարչապետների բանակցությունները

Hovik-IrakliՀայաստանի և Վրաստանի վարչապետների գլխավորած կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ Վրաստանի կառավարությունում դեկտեմբերի 11-ին տեղի են ունեցել երկկողմ բարձր մակարդակի բանակցություններ:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, երկու երկրների կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առևտրատնտեսական կապերն ավելի սերտացնելու հեռանկարները:

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական հարաբերություններում ևս առկա ներուժի լիարժեք իրացումը և այդ համատեքստում անդրադարձել առաջիկա անելիքներին: Երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալն ավելացնելու նպատակով կողմերն անհրաժեշտ են համարել ներդրումային նոր ծրագրերի իրականացումը և հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:

Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել են նաև տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրների անդամակցության հարցին: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը շուտով կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, սակայն միաժամանակ շարունակելու է նաև ակտիվ համագործակցել Եվրոպական միության հետ բոլոր հնարավոր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ առկա բազմաթիվ համատեղ ծրագրերի և բարեփոխումների շարունակական իրականացումը:

Հայաստանի և Վրաստանի վարչապետներն ընդգծել են, որ տարբեր ինտեգրացիոն միավորումներին անդամակցությունը պետք է ծառայի երկու երկրների տնտեսությունների զարգացմանը, գործարար միջավայրի համար նոր հնարավորությունների ստեղծմանը և չխոչընդոտի հայ-վրացական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի սերտացմանը:

Հանդիպման ընթացքում մեծապես կարևորվել է Բագրատաշեն, Բավրա և Գոգավան սահմանային անցակետերի շինարարության ու արդիականացման, ինչպես նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր` «Բարեկամության» կամուրջի շինարարական աշխատանքների շարունակականությունը: Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման առումով վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը:

Կարևորելով Երևան-Թբիլիսի և Երևան-Բաթումի կանոնավոր չվերթերի գործարկումը` Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանձնարարել են պատասխանատու մարմինների ղեկավարներին քննարկել չվերթերի վերսկսման լուծումներ: Հայկական կողմը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների՝ 90 օրից ավելի Վրաստանի տարածքում գտնվելու հարցը, որի հետ կապված խնդիրներ են առաջացել: Տեղեկացնելով, որ Վրաստանի միգրացիոն քաղաքականության օրենսդրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ, վրացական կողմը բանակցությունների ընթացքում խոստացել է, որ մինչև 2015 թ. առաջին եռամսյակի ավարտն բարձրացված բոլոր խնդիրներին լուծում կտրվի օտարերկրյա, այդ թվում նաև՝ ՀՀ քաղաքացիների համար:

Հովիկ Աբրահամյանը Իրակլի Ղարիբաշվիլիին է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Մեկնաբանել