ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի հետ վերջինիս՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո

Jen-PsakiՄիացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի հետ վերջինիս՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո՝ աջակցելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին՝ լրագրողների հետ դեկտեմբերի 11-ի ճեպազրույցին պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում ԱՄՆ-Հայաստան քաղաքական և տնտեսական հարաբերությունների ապագան Հայաստանի՝ ԵՏՄ լիիրավ անդամ դառնալուց հետո։

«Բոլոր պետություններն ունեն իրավունք՝ ընտրելու տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ուղին՝ համապատասխան իրենց ազգային շահերին։ Որևէ երկիր չունի իրավունք՝ ուղղորդելու այլ երկրի քաղաքական և տնտեսական կողմնորոշումը, ոչ էլ որոշելու, թե ինչ դաշինքների և առևտրային համաձայնագրերի այն կարող է միանալ։ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ աջակցելու ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին և պահպանելու առաջընթացը, որը ձեռք է բերվել ԱՄՆ-ի ու Հայաստանի հարաբերությունների շնորհիվ»,- ասել է Պսակին։

Ակնարկ

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ին, մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացրեց դեկտեմբերի 4-ին՝ ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեկտեմբերի 10-ին փաստաթուղթը վավերացրեց Ռուսաստանի Պետդուման։

Ակնկալվում է, որ մինչև դեկտեմբերի վերջ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը կդիտարկվի Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններում։

Մեկնաբանել