Օմբուդսմենը դատապարտել է Արամ Մանուկյանի նկատմամբ ոտնձգությունը

MHM73060-copy-CopyՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խստորեն դատապարտել է Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված ոտնձգությունը: Այս մասին ասված է օմբուդսմենի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, որում նա իր խոր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին քաղաքացիների ավտոմեքենաների հրկիզման, «առավել ևս մարդկանց ծեծի, բռնության ենթարկելու դեպքերի մասին տեղեկությունների առնչությամբ»:

«Սուրեն Սարգսյանի դեպքի նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, իմ տեղակալը հանդիպել է նրան, երեկ՝ ժամը 23-ի սահմաններում, իմ ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանի բնակության վայր: Թեև այս պահի դրությամբ Սուրեն Սարգսյանը և Արամ Մանուկյանը մեզ դիմում-բողոքներ չեն ներկայացրել ընդդեմ պետական մարմինների, սակայն պատրաստ ենք հարուցել վարույթներ տուժածներից բողոքներ ստանալուն պես: Անկախ այդ հանգամանքից՝ այս բոլոր գործերի քննությունն առաջիկայում ևս կլինի մեր ուշադրության կենտրոնում:

Ակնկալում եմ, որ բոլոր իրավապահ մարմինները կգործեն օպերատիվ և անաչառ, որպեսզի մեղավորները հնարավորինս արագ բացահայտվեն և պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Հանրությունը պետք է համոզվի, որ մեղավորներն անպատիժ չեն մնում, իսկ քաղաքացիների ապահովության սպառնալիքները վերացված են:

Հանցագործությունների բացահայտմանը զուգընթաց, կոչ եմ անում բոլորին, հատկապես պետական և քաղաքական գործիչներին, իրենց հրապարակային ելույթներում պահպանել քաղաքական զսպվածության և իրավական էթիկայի նորմերը: Վերջին օրերին առանձին ագրեսիվ արտահայտություններ արդարացիորեն վրդովեցրել են հանրությանը: Հետագա անհարկի լարումից խուսափելու համար հուսով եմ՝ բոլոր կողմերը կպահպանեն մասնագիտական և մարդկային վարքագծի անհրաժեշտ ստանդարտները:

Խստորեն դատապարտում եմ ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքացիական ու քաղաքական գործիչների գույքի կամ անձի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Ակնարկ

Նոյեմբերի 26-ի և 27-ի գիշերների ընթացքում Երևանում հրդեհվել է յոթ ավտոմեքենա, որոնցից վեցը պատկանում են «Նախախորհրդարան» քաղաքական նախաձեռնության անդամներին։

Դեկտեմբերի 8-ին լրատավամիջոցների հաղորդմամբ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ՝ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ծեծի են ենթարկվել:

Դեկտեմբերի 10-ին դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեկտեմբերի 11-ին Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը անհայտ անձի կամ անձանց կողմից ծեծի է ենթարկվել իր տան շքամուտքի մոտ:

Մեկնաբանել