Պաշտպանության բանակը հաղորդում է հրադադարի հաճախացած խախտման մասին

SM_Sahman3Դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Մասնավորապես առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ և իրադրությունը պահել վերահսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել էր զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Իսպիրյանը, որը հետմահու պարգևատրվել էր ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար։

Մի շարք լրատավամիջոցների հաղորդմամբ՝ ԼՂՀ պաշտպանության բանակը դեկտեմբերի 8-ին կանխել էր հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը։

Մեկնաբանել