ՍիվիլՆեթի լրագրողները՝ հաշմանդամության թեմայով մրցույթի մրցանակակիրներ

Huysi kamurjՍիվիլՆեթի թղթակից Արման Սուլեյմանյանն արժանացել է «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով ԶԼՄ 12-րդ ամենամյա մրցույթի գլխավոր մրցանակին՝ «Անիվս խերով լինի» տեսանյութի համար։ Մրցանակի է արժանացել նաև ՍիվիլՆեթի նախկին լրագրող Տաթևիկ Ղազարյանը՝ իր «Մայրանալու հրաշքից առաջ» տեսանյութի համար («Հեռուստատեսային» անվանակարգ, երրորդ մրցանակ)։

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների նախաձեռնած մրցույթի մրցնակաբաշխությունը կայացել է դեկտեմբերի 12-ին, Երևանի «Ռոյալ Թուլիփ» հյուրանոցում։ Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և իրավունքների գաղափարի քարոզումն է։

Այս տարի մրցույթին ներկայացվել էր 36 լրագրողական աշխատանք (հրապարակված 2013թ. նոյեմբերի 20-ից 2014թ. նոյեմբերի 21-ը), ի թիվս որոնց` 16 տպագիր և էլեկտրոնային հոդված, 17 տեսանյութ և 3 նյութ ռադիո և մուլտիմեդիա անվանակարգերի համար: Ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով նյութերի լրագրողական արժեքը, հաշմանդամության թեմայի լուսաբանման լեզվի և էթիկայի կանոնների պահպանումը, կարծրատիպերը կոտրելու հավանականությունը և այլ չափանիշներ: Մրցանակակիր նյութերի ընտրությունը կատարվել է պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատումների արդյունքում։