Էրդողանի Սպիտակ պալատում ստվերային կառավարություն է ստեղծվել

Նոր ստեղծված մարմինները վերահսկելու են նախարարների աշխատանքը Նոր ստեղծված մարմինները վերահսկելու են նախարարների աշխատանքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գաղտնի հրամանագրով ստեղծված ստվերային կառավարությունը, որը կազմված է 13 անդամից, թուրքական լրատվամիջոցների համաձայն, սկսել է իր աշխատանքը: Էրդողանը, որը Թուրքիայում փորձում է հիմնել դե ֆակտո նախագահական համակարգ, նախագահական կաբինետի ուղղությամբ արել է առաջին քայլը՝ փոփոխություններ մտցնելով նախագահության կառուցվածքի մեջ: Էրդողանի հրամանագիրը գաղտնի է, հետևաբար չի հրապարակվել Թուրքիայի Պաշտոնական թերթում (Official Gazette): Հրամանագրով նախագահությունների թիվը նախորդ 4-ից հասցվել է 13-ի: Al-Monitor-ի սյունակագիր Ֆեհիմ Թաշթեքինն անդրադարձել է թեմային «Էրդողանի Սպիտակ պալատում ստվերային կառավարություն է ստեղծվել» վերնագրով իր հոդվածում: Այն թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացված է ստորև: 

Ուժ և վախ՝ այս բառերն ամենաշատն են օգտագործվում նրանց կողմից, ովքեր հետևում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական սագային: Էրդողանի վախը վերաբերում է նրան, որ կոռուպցիայի մեղադրանքների մեջ ի վերջո ինքն էլ կներքաշվի, իսկ վճռականությունը կապված է նրա հետ, որ որպես նոր նախագահ՝ պահպանի իշխանությունը: Հենց դա է նրան դրդում, որ մշտապես մանևրի՝ կառավարության ու խորհրդարանի հանդեպ վերահսկողությունը պահպանելու համար: Ստվերային կառավարության ստեղծումը նրա այդ մեթոդներից մեկն է:

Նա ավելացրել է նախագահությունների թիվը 4-ից 13-ի: Նոր մարմինները կազմված են ներքին անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսության, պաշտպանության, էներգետիկայի և ներդրումների վերահսկողությամբ զբաղվող միավորներից:

Նախկինում գոյություն ունեին միայն վարչական և ֆինանսական հարցերի, ինստիտուցիոնալ հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների նախագահությունները: Նախագահը, որի գլխավոր գործառույթն էր հաստատել օրենքի նախագծերը, իր խորհրդականների հետ նստում էր սեղանի շուրջ և հարցնում նրանց կարծիքները:

Գաղտնի հրամանագիր

Էրդողանը փոփոխություններ է մտցրել ոչ թե սովորական ընթացակարգային կարգավորմամբ, այլ դիմելով գաղտնի հրամանագրի:

1982թ. գործող Սահմանադրության 107-րդ հոդվածը թույլ է տալիս նախագահին ղեկավարել «Նախագահության գլխավոր քարտուղարությունը»:

Հրամանագիրը ստորագրվել է մի ժամանակ, երբ թեժ բանավեճ է ընթանում այն հարցի շուրջ, թե Սպիտակ պալատի [Թուրքիայի նախագահի նորակառույց նախագահական նստավայրը – ՍիվիլՆեթ] 1,150 սենյակները ինչպես են օգտագործվելու: Էրդողանի մշակած նոր համակարգը գործելու է որպես «ավագ եղբայր», և կառավարության նախարարները իրենց մեջքի հետևում զգալու են նախագահությունների ներկայությունը:

Hurriyet օրաթերթի համաձայն՝ ներքին անվտանգության նախագահության միջոցով Էրդողանը վերահսկելու է պայքարը Ֆեթուլլահ Գյուլենի համայնքի անդամների դեմ, որոնք ներթափանցել են պետական կառույցներ, ինչպես նաև հետևելու է քրդերի հետ խաղաղության գործընթացին:

Արտաքին հարաբերությունների նախագահության միջոցով Էրդողանը հետևելու է արտաքին քաղաքականությանը:

Տնտեսության նախագահությունն էլ վերահսկելու է երկրի տնտեսական գործընթացները, իսկ պաշտպանության նախագահությունը պատասխանատու է լինելու պաշտպանության հետ կապված հարցերի, պայմանագրերի ու ռազմական հարցերի համար: Էներգետիկայի նախագահությունը զբաղվելու է հանքավայրերի, էներգետիկայի, նավթի և բնական գազի, գազատարերի հարցերով: Ներդրումների նախագահությունն էլ կենտրոնանալու է Էրդողանի սիրած նախագծերի վրա, ինչպես օրինակ՝ կամուրջների, ճանապարհների ու օդանավակայանների կառուցում: Բոլոր միավորները վերահսկելու են կառավարության համապատասխան նախարարների աշխատանքը և զեկուցելու են նախագահին:

Վերահսկո՞ղ, թե՞ զուգահեռ մարմին

Լուրջ մտահոգություններ կան, որ նախագահությունների աշխատանքը չի լինելու միայն վերահսկողական և վերածվելու է միջամտության պլանավորման, նախագծերի մշակման և իրագործման փուլերում: Նույնիսկ այսօր Էրդողանը չի վարանում և միջամտում է նախարարների աշխատանքին:

Անկարայում իրավիճակին ուշադիր հետևող մի աղբյուր Al-Monitor-ին ասաց. «Էրդողանը ցանկանում է չկորցնել կապը այն հարցերի հետ, որոնց հետ առնչվում էր վարչապետության ժամանակ: Նա արդեն ասել է, որ նախագահը նաև գործադիրի ղեկավարն է: Այժմ նոր մեխանիզմի միջոցով նա ցանկանում է վստահ լինել, որ բոլորը դա հասկանում են»:

Հարցիս, թե արդյոք վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և նրա նախարարները դժգոհ չե՞ն ստվերային կառավարությունից և իրենց գործին դրա միջամտությունից, աղբյուրը պատասխանեց. «Իհարկե, նրանց դա դուր չի գա: Կաբինետն արդեն անհարմարություն է զգում՝ տեղյակ չլինելով, թե ում հետ է պետք համաձայնեցնել իր որոշումները: Եթե վարչապետը անկախ անհատ լիներ կամ ոչ ԱԶԿ-ից [«Արդարություն և զարգացում» կուսակցություն], անշուշտ, ճգնաժամային իրադրություն կունենայինք: Եթե նույնիսկ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը վարչապետ լիներ, հաստատ խնդիրներ կլինեին: Այժմ որևէ լուրջ խնդիր կարծես չկա, քանի որ Դավութօղլուն բացահայտ մարտահրավեր չի նետում նորամուծությանը: Սակայն այդ լռությունը կարող է խախտվել 2015թ. համընդհանուր ընտրությունների համար կուսակցությունից թեկնածուական ցանկերի նախապատրաստման ժամանակ: Եթե այդ գործը ստանձնի Էրդողանը Դավութօղլուի փոխարեն, որը ԱԶԿ-ի նախագահն է, այդ ժամանակ կարող են խնդիրներ ծագել»:

Նախագահը աշխատում է վարչապետի պես

Նախագահության առաջին 100 օրերի ընթացքում Էրդողանը շտապում է մի հանդիպումից մյուսը, այս արարողությունից այն արարողություն:

Hurriyet պարբերականի լրագրող Դենիզ Զեյրեքի ուսումնասիրության համաձայն՝ Էրդողանը 100 օրում արտերկիր է մեկնել 14 անգամ: Նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը յոթ տարում արտերկիր էր մեկնել 125 անգամ, Թուրգութ Օզալը՝ 40 անգամ, Քենան Էվրենը՝ 32 անգամ, Ահմեթ Նեջդեթ Սեզերը՝ 48 և Աբդուլլահ Գյուլը՝ 110 անգամ: