Հայաստանի և Վրաստանի միջև «Բարեկամության» կամուրջ կկառուցվի

Abrahamyan-GaribashviliՀայաստանի և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամուրջ կկառուցվի։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ համապատասխան համաձայնագիրը դեկտեմբերի 12-ին Թբիլիսիում նախաստորագրել են Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության» կամուրջ։

Երկու երկրների վարչապետները ստորագրել են նաև արձանագրություն՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առ այն, որ վերոնշյալ համաձայնագիրը կստորագրվի մինչև 2015թ․ վերջ։

Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով Վրաստանում էր դեկտեմբերի 11-ից։ Այցի շրջանակում երեկ տեղի էին ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետների գլխավորած կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ երկկողմ բարձր մակարդակի բանակցություններ։ Իսկ այսօր՝ ավելի վաղ, Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների, ապա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որին փոխանցել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Մեկնաբանել