«Համաժողովրդական շարժումը» պահանջում է ազատել փոխոստիկանապետին

ANC-Rally«Համաժողովրդական շարժումը» հայտարարություն է տարածել, որում դատապարտում է վերջին օրերին ազատամարտիկների և քաղաքական գործիչների վրա կատարված հարձակումները:

«Վերջին շրջանում արձանագրվել են բռնության և հաշվեհարդարի դեպքեր, որոնք արդեն մի ամբողջ շղթա են կազմում։ Մասնավորապես՝ երկու օր առաջ՝ դեկտեմբերի 9-ին հարձակում է եղել Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ, հրամանատարներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի վրա։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 10-ին առավոտյան տնից դուրս գալիս դիմակավորված անձանց կողմից դաժան բռնության է ենթարկվել այդ դաշինքի խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը։ Դեկտեմբերի 11-ին հարձակման է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։

Այս ամենը խորը անհանգստություն և դժգոհություն են առաջացրել հասարակության լայն շրջանակներում։ Խստորեն դատապարտելի է, որ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը իր հրապարակային խոսքում չի էլ թաքցնում, որ ինքն է այդ հանցագործություններից մեկի հովանավորը, ինչն աննախադեպ է մեր պետականության պատմության մեջ։ Համաժողովրդական շարժումը խստորեն դատապարտում է ցանկացած իշխանության համար անպատվաբեր այս հանցագործությունները և հայտարարում, որ դրանք չեն կարող մնալ անպատիժ»,- նշվում է հայտարարությունում։

«Համաժողովրդական շարժումը» պահանջում է «բռնության կոչերի և քրեորեն դատապարտելի արտահայտությունների համար» անհապաղ պաշտոնանկ անել Լևոն Երանոսյանին և քրեական գործ հարուցել նրա նկատմամբ։

«Պահանջում ենք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից ամենակարճ, ողջամիտ ժամկետում բացահայտել վերոնշյալ զազրելի հանցագործությունները։ Ոստիկանությունը ունի բոլոր հնարավորությունները (տիրապետում է տեղեկատվության տարատեսակ աղբյուրների, ըստ ոստիկանապետի՝ գիտի, թե «ով ինչ է մտածում, ինչ է շնչում») այս դեպքերն օր առաջ բացահայտելու համար։Նշված ողջամիտ ժամկետում հանցագործությունների չբացահայտման դեպքում ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրաժարականը դառնալու է համաժողովրդական շարժման կարևոր կետերից մեկը»,- ասված է «Համաժողովրդական շարժման» հայտարարությունում։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը ասել էր, թե Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյողի «ականջները շան թուլի պես կկտրի»:

Դեկտեմբերի 12-ին ծեծի է ենթարկվել նաև Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: Վերջինիս ծեծի ենթարկողներին ոստիկանությունը ժամեր անց հայտնաբերել էր:

Դեկտեմբերի 11-ի երեկոյան հարձակման էր ենթարկվել Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղարԱրամ Մանուկյանը: Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնությանդեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում:

ՀԱԿ-ի որոշ անդամներ Արամ Մանուկյանի վրա հարձակման համար մեղադրել էին գործող նախագահ Սերժ Սարգսյանին։