Հակառակորդի դիպուկահարը վիրավորել է Բերքաբեր գյուղի բնակչին

BerkaberԴեկտեմբերի 13-ի առավոտյան Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում հակառակորդի դիպուկահարի կրակոցներից վիրավորվել է գյուղի բնակիչ Աղասի Թամրազյանը: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը:

«Ձուկ որսալիս է եղել, կրակել են: Գնդակը կպել է ծնկից ներքև: Բարբախտաբար, ոսկորները չեն վնասվել, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Մադաթյանը՝ հավելելով, որ տուժածը ներկայում գտնվում է Իջևանի հիվանդանոցում և շուտով տուն կտեղափոխվի:

Գյուղապետի խոսքով՝ գյուղի մեկ այլ հատվածում կրակել են նաև ուրիշ գյուղացիների ուղղությամբ, սակայն նրանք հասցրել են թաքնվել շենքի հետնամասում:

Ակնարկ

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ֆինանսների և հաշվապահության վարչության աշխատակիցների կամավոր հավաքագրած միջոցներով Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում երկաթբետոնե բարձր պատ է կառուցվում, որը նպատակ ունի պաշտպանել գյուղի դպրոցականներին հակառակորդի գնդակոծությունից:

Բերքաբերը հայ-ադրբեջանական սահմանից գտնվում է 1,5 կմ հեռավորության վրա: 2012թ. հունվարի 1-ի դրությամբ` գյուղն ունեցել է 528 բնակիչ: Բերքաբերի բնակելի հատվածի մեծ մասը հակառակորդի նշանառության տակ է: Այն մեծ վնասներ է կրել նաև այս տարվա օգոստոսին, երբ ադրբեջանական կողմը պարբերական հրետակոծության էր ենթարկում սահմանամերձ գյուղերը:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդել էր հրադադարի հաճախացած խախտման մասին: Մասնավորապես՝ դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:

Մեկնաբանել