Հռոմի պապը հրաժարվել է հանդիպել Դալայ Լամայի հետ

dalai-lama-pope-francisՀռոմի պապ Ֆրանցիսկոսը չի հանդիպի Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լամային, որպեսզի չվատթարացնի Չինաստանի հետ` առանց այդ էլ կնճռոտ հարաբերությունները:

Ավելի վաղ Նոբելյան մրցանակակիրների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հռոմում գտվող Դալայ Լաման հանդիպում էր խնդրել Պապի հետ:

Վատիկանի ներկայացուցչը BBC-ին հայտնել է` չնայած նրան, որ Հռոմի պապը «շատ մեծ հարգանք է տածում» Տիբեթի բուդդայականների առաջնորդի հանդեպ, այնուամենայնիվ, խնդրանքը մերժվել է «ակնառու պատճառներով»՝ Չինաստանի հետ բարդ հարաբերությունների համար:

Ըստ Վատիկանում Telegraph-ի աղբյուրի՝ Հռոմի պապը մտավախություն է ունեցել, որ Դալայ Լամայի հետ հանդիպելուց հետո Պեկինի իշխանությունները, հնարավոր է՝ սկսեն ճնշումներ գործադրել Չինաստանի կաթոլիկ համայնքի վրա: Իսկ Չինաստանում ներկայում մոտ 12 միլիոն կաթոլիկ է բնակվում:

Տիբեթի բուդդայականների հոգևոր առաջնորդի ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ Դալայ Լաման վշտացած է, որ չի կարող հանդիպել Հռոմի պապի հետ, սակայն ոչ ոքի չի ցանկանում անհարմարություն պատճառել:

Հռոմի պապի ու Դալայ Լամայի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2006 թվականին: Այն ժամանակ Դալայ Լամայի հետ հանդիպել է Բենեդիկտոս 16-րդը: Դալայ Լաման 1959 թվականին փախել է Հնդկաստան, ինչը տեղի է ունեցել Տիբեթում չինական ռեժիմի դեմ անհաջող ապստամբությունից հետո: Չինաստանի իշխանությունները Դալայ Լամային մեղադրում են անջատողականության մեջ ու բավական քննադատաբար են վերաբերվում հոգևոր առաջնորդի՝ քաղաքական կամ կրոնական գործիչների հետ ցանկացած հանդիպման:

Պեկինը վստահեցնում է, որ Դալայ Լաման հանդես է գալիս Տիբեթի անկախության օգտին, որը Չինաստանն իր տարածքն է համարում (Տիբեթը Չինաստանին է միացվել 1950թ.` զինված հակամարտությունից հետո): Տիբեթի հոգևոր առաջնորդը նշում է, որ համաձայն է Չինաստանի կազմում Տիբեթի ինքնավարությանը, պայմանով, որ այդ ինքնավարությունը իսկական է լինելու: Դալայ Լաման ապրում է Հնդկաստանում և այցելում է աշխարհի տարբեր երկրներ՝ փորձելով աջակցություն գտնել Տիբեթի և տիբեթցիների համար:

Չինաստանում կաթոլիկ համայնքը բաժանված է երկու խմբավորումների՝ կոմունիստական կուսակցությանը ենթարկվող պաշտոնական եկեղեցին և Հռոմին հավատարիմ ընդհատակյա կաթոլիկ եկեղեցին: Վատիկանը, որը կոմունիստական կուսակցության իշխանության գալուց հետո դիվանագիտական կապեր չունի Պեկինի հետ, վերջին շրջանում փորձում է հարթել հարաբերությունները: Վատիկանի և Պեկինի միջև հակասության հիմնական պատճառը կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների նշանակման հարցն է:

Մեկնաբանել