Վաշինգտոնում հազարավոր ցուցարարներ բողոքել են ոստիկանների կամայականության դեմ

Washington-PROTESTԱՄՆ-ի տարբերի հատվածներից դեկտեմբերի 13-ին մայրաքաղաք Վաշինգտոնում են հավաքվել հազարավոր մարդիկ՝ ոստիկանության կողմից անզեն սևամորթ քաղաքացիների կամայական սպանությունների դեմ բողոքի ակցիա անցկացնելու համար:

Ինչպես հաղորդում է New York Times-ը, ոստիկանների կողմից Ֆերգյուսոն քաղաքում սպանված Մայքլ Բրաունի և Նյու Յորքում սպանված Էրիկ Գարների բարեկամները ևս մասնակցել են ցույցին։ Ցույցի մասնակիցները կոնգրեսի շենքի ուղղությամբ են շարժվել՝ բացականչելով բողոքի ակցիաների խորհրդանշան դարձած «Չեմ կարողանում շնչել» արտահայտությունը: Սա Գառների վերջին խոսքերն են։ 43-ամյա տղամարդը տառապում էր աստմայով։ Դեպքը տեղի էր ունեցել Նյու Յորքում հուլիսի 17-ին, երբ ոստիկանը, կասկածելով Գառներին ծխախոտի անօրինական վաճառքի մեջ փորձել էր ձերբակալել նրան։ Միջադեպի տեսագրությունում բազմիցս լսվում է, որ Գառները կրկնում է՝ «Ես չեմ կարողանում շնչել»։

Մեկ օր առաջ ցուցարարներն ակցիա էին անցկացրել Նյու Յորքում: Ակնկալվում է, որ այսպիսի բողոքի ցույցեր կանցկացվեն նաև ամերիկյան մյուս քաղաքներում:

Բողոքի ցույցերը սկսվել են Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքից։ ԱՄՆ քաղաքացիների դժգոհության և զայրույթի պատճառ էր դարձել Երդվյալ ատենակալների դատարանի որոշումը, ըստ որի՝ մեղադրանք չէր առաջադրվել ոստիկանին, որն այս տարվա օգոստոսի 9-ին մահացու վիրավորել էր 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին։

Մեկնաբանել