Բռնությունները և ահաբեկությունը կշարունակվեն

Բռնության ենթարկված ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։ Բռնության ենթարկված ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։

Քաղաքական և քաղաքացիական գործիչների դեմ 2014թ. նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին տեղի ունեցած բռնությունները Հայաստանը տեղափոխում են այլ իրականություն, դեպքերի զարգացումը թևակոխում է միանգամայն նոր փուլ։ Մինչ այժմ հաջողվել էր մանիպուլյացիաների, կաշառելու, պաշտոններ բաժանելու շնորհիվ ձախողել Սերժ Սարգսյանի իշխանությանը սպառնացող այս կամ այն զարգացումները։ Սա ինքնավստահություն էր տվել Բաղրամյան 26-ում հայտնվածներին, որոնք էլ որոշել էին սահմանադրական փոփոխությունների միջոցով հավերժական դարձնել գոյություն ունեցող համակարգը։

Սակայն խորհրդարանական ընդդիմությանը հաջողվեց առնվազն հետաձգել սահմանադրական փոփոխությունները, մեծ են հնարավորություններն առաջիկայում Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունը տապալելու համար։ Սա իրական մարտահրավեր է սեփական իշխանությունն ու անվտանգությունը պահպանելու գերնպատակ դրած Սարգսյանի համար։ Հայաստանյան ներկայիս վիճակը կարելի է բնութագրել որպես կարևոր մարտից առաջ ժամանակավոր հրադադարի փուլ, երբ գոյություն ունեն բարիկադներ, իսկ բարիկադների վրա՝ հակամարտող թիմեր։ Ժամանակավոր հրադադարի ավարտի ժամկետն էլ է հայտնի՝ 2015թ. փետրվար։ Մինչև փետրվարն այն ժամանակն է, որ հակամարտող թիմերը պետք է ներգրավեն առավելագույն կողմնակիցներ կամ չեզոքացնեն հակառակորդ թիմի կողմնակիցներին։

Համաժողովրդական շարժման գրասենյակները նպատակ ունեն նոր համակիրներ հավաքել՝ 2015թ. փետրվարին Սերժ Սարգսյանին իրական զիջումների մղելու, եթե հաջողվի՝ նաև պաշտոնաթողություն պարտադրելու համար։ Իշխանությունն էլ օգտագործում է պետական բոլոր կառույցները՝ շարժման համակիրներին «համոզելու» համար։ Յուրաքանչյուր քիչ թե շատ նշանավոր գործչի համար մշակվել են ազդեցության անհատական մեթոդներ, որոնց մեջ, սակայն ամենավճռական տեղը հատկացվում է ֆիզիկական բռնությանը, ահաբեկչությանը։

Այն, որ դեկտեմբերով բռնությունները չեն սահմանափակվելու, կասկած չի հարուցում։ Ծեծի հետ զուգահեռ կարող են լայնորեն օգտագործվել քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմության աջակիցների դեմ սարքովի գործերը, ձերբակալությունները և կալանքները։

Հատուկ վերլուծական հմտություններ պետք չեն իշխանությունների այս քայլերը գուշակելու համար, վերջիններիս զինանոցում միշտ էլ նման միջոցներ եղել են։ Այս ամենն իրականացնելու համար լայնորեն կօգտագործվեն պետական կառույցները, հատկապես ոստիկանությունը, խուլիգանական հակումներ ունեցող պատգամավորները, պատերազմի ժամանակ եռամսյա հավաքների մասնակից զինծառայողներին թշնամուն «մատաղ արած» և այսօր գեներալի կոչում ունեցող որոշ պաշտոնյաները, կրիմինալը և այլն։

Սերժ Սարգսյանն իր այս քայլերով նպատակ ունի պարտադրել ընդդիմությանը նահանջելու։ ՀՀԿ նախագահը ընդդիմադիրներին սանձելու մեծ փորձ ունի։ Որոշ նախկին ընդդիմադիրներ այսօր Հանրապետական կուսակցության ցանկով հայտնվելով Ազգային ժողովում՝ դարձել են Սերժ Սարգսյանի ամենավառ պաշտպանները։ Սակայն Սարգսյանի այսօրվա ընդդիմությունը տարբերվում է օրվա հաց լուծելու խնդիր դրած նախկին ընդդիմադիրներից։

Սերժ Սարգսյանի դեմ դուրս եկած ընդդիմությունն այսօր մեծ ռեսուրսների տիրապետող քաղաքական միավորում է, ինչը նշանակում է, որ նահանջի դեպքում տեղի է ունենալու այդ ռեսուրսների անխնա մասնատում։ Հետևաբար նահանջի ճանապարհ գոյություն չունի շատ օբյեկտիվ պատճառներով։ Իսկ սա իր հերթին նշանակում է բռնությունների և ահաբեկության շարունակություն Սերժ Սարգսյանի վարչակազմի կողմից։

Մեկնաբանել