Թուրքիայում Սև կիրակի. ձերբակալվել է 31 հայտնի լրագրող

Zaman-ի խմբագրությունում հավաքվածները թույլ չեն տվել ոստիկանների առաջխաղացումը Zaman-ի խմբագրությունում հավաքվածները թույլ չեն տվել ոստիկանների առաջխաղացումը

Թուրքիայի հակաահաբեկչական ջոկատները դեկտեմբերի 14-ի վաղ առավոտյան փորձել են պաշարել երկրի ամենամեծ վաճառքն ունեցող Zaman թերթի խմբագրությունը՝ պարբերականի գլխավոր խմբագրին ձերբակալելու նպատակով, սակայն հավաքված ցուցարարների բողոքի արդյունքում ստիպված՝ նահանջել են, հաղորդում է Today’s Zaman-ը:

Ոստիկանների մի խումբ ժամանել է Zaman-ի խմբագրություն և փորձել ներս մտնել: Շենքի անվտանգության ուժերը թույլ են տվել նրանց մուտքը, սակայն ոստիկաններին չի հաջողվել առաջանալ, քանի որ հավաքված ցուցարարների խումբը խոչընդոտել է նրանց առաջխաղացումը:

«Zaman օրաթերթը ամբողջ դրաման ուղիղ հեռարձակել է, մինչդեռ թուրքական մնացած լրատվամիջոցները նախընտրեցին անտարբեր մնալ ոստիկանության գործողությունների հանդեպ»,- գրել է Today’s Zaman-ը:

Հակաահաբեկչական ջոկատների օպերացիան ստիպել է Zaman օրաթերթի անձնակազմին ամբողջ գիշեր մնալ խմբագրությունում և դիմակայել իրավապահների գործողություններին: Ոստիկանության առաջին ռեյդի նպատակն էր ձերբակալել Zaman-ի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին, սակայն պաշտոնյաների խոսքով՝ ճնշումների պատճառով առաջին անգամ իրենց դա չի հաջողվել: Ավելի ուշ ոստիկանությունը վերադարձել է պարբերականի խմբագրություն և Էքրեմ Դումանլըին տարել ոստիկանության բաժանմունք:

Թուրքիայի իրավապահների լայնամասշտաբ գործողությունների թիրախ է դարձել նաև Samanyolu մեդիա խումբը. ձերբակալվածների թվում է եղել Samanyolu TV-ի ղեկավար Հիքմեթ Քարաջան:

Ընդհանուր առմամբ ձերբակալվել են Թուրքիայի հեղինակավոր լրատվամիջոցների 31 ղեկավարներ, պրոդյուսերներ և ոստիկաններ:

Իրավապահների միաժամանակյա գործողությունները մեկնարկել են Թուրքիայի 13 շրջաններում, դրանց թիրախն, ըստ ամենայնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռչակած «զուգահեռ կառույցն» է [Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած Գյուլենական շարժումը – ՍիվիլՆեթ], որի հետ առճակատման մեջ է գտնվում Էրդողանն ու Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Ձերբակալվածերը կասկածվում են Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ:

Today’s Zaman պարբերականը ձերբակալությունների օրն անվանել է «Սև կիրակի»:

ԵՄ-ի արձագանքը

Zaman օրաթերթի և մյուս լրատվամիջոցների վրա հարձակմանն արձագանքել է Եվրոպական Միությունը՝ այն որակելով «անընդունելի հարձակում մամուլի ազատության վրա»:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանն իրենց համատեղ հայտարարության մեջ ասել են, որ Թուրքիա իրենց այցից ընդամենը մի քանի օր անց տեղի ունեցած այս օպերացիան հակասում է եվրոպական արժեքներին ու չափորոշիչներին: Նրանք հույս են հայտնել, որ հաշվի կառնվի անմեղության կանխավարկածը և կանցկացվի թափանցիկ ու անկախ հետաքննություն:

Ֆուաթ Ավնի կեղծանունով Թվիթերի մի օգտատեր դեկտեմբերի 13-ին նախազգուշացրել էր, որ հաջորդ օրը ոստիկանության լայնամասշտաբ օպերացիա է տեղի ունենալու, որի թիրախում կլինեն բազմաթիվ լրագրողներ: Ավնըի տեղեկություններով՝ կձերբակալվի մոտ 150 մարդ:

Մեկ տարի առաջ՝  դեկտեմբերի 17-ին, Թուրքիայում տեղի ունեցավ «Մեծ կաշառք» աղմկահարույց օպերացիան, որի հետևանքով ձերբակալվեցին Թուրքիայի նախարարների որդիներ, հայտնի գործարարներ և պաշտոնյաներ: Այդ ժամանակահատվածում Թուրքիայի վարչապետ Էրդողանը տեղի ունեցածում մեղադրեց Ֆեթուլլահ Գյուլենին ու նրա շարժումը՝ գործողությունները որակելով «կեղտոտ օպերացիա՝ ուղղված երկրի պետականության դեմ»: