Ղազախստանը կվավերացնի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը

NazarbayevՂազախստանը կվավերացնի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը։ Ղազախստանի նախագահ Նուսուլթան Նազարբաևն այս մասին հայտարարել է դեկտեմբերի 14-ին Աստանայում՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը, տեղեկացնում է Ռուսաստանի կառավարության կայքը։ Ղազախստանի նախագահի կայքում այս հայտարարությունը բացակայում է։

«Դեկտեմբեր 23-ին Մոսկվայում հանդիպում տեղի կունենա, մենք կվավերացնենք Հայաստանի անդամակցությունը»,- ասել է Նազարբաևը։

Օրերս հայաստանյան լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը ներառված չէ Ղազախստանի խորհրդարանի նիստերի օրակարգում, և որ այս երկիրը մինչև տարեվերջ չի հասցնի վավերացնել փաստաթուղթը։

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստ՝ պետությունների ղեկավարների մակարդակով։

Ակնարկ

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ին, մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացրեց դեկտեմբերի 4-ին՝ ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեկտեմբերի 10-ին փաստաթուղթը վավերացրեց Ռուսաստանի Պետդուման։

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը պետք է վավերացնեն նաև Ղազախստանն ու Բելառուսը։

Մեկնաբանել