ԲՀԿ-ն արտահերթ նիստ է պահանջում՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը

naira zohrabyan (1)Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նստաշրջան: Օրակարգում ներառված են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Ասիական զարգացման բանկից նոր վարկեր ներգրավելու, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության և մի շարք օրենքների փոփոխությունների հետ կապված հարցեր։

Նիստի սկզբին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ առաջարկելով ընդհատել նիստը և հրավիրել նոր արտահերթ նիստ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ երկրում ստեղծվել է «բեսպրեդել» վիճակ, երբ տարբեր կարգի թափթփուկներ կարող են ազատամարտիկների ծեծել, երբ չակերտավոր հայրենասերը կարող է ապտակել և հարվածել մեր գործընկեր Արամ Մանուկյանին, «Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է մինչև այս արտահերթի օրակարգին անցնելը,- որը յոթ վարկային պայմանագրով հերթական անգամ ավելացնելու է երկրի արտաքին պարտքը, որովհետև մենք գիտենք, թե ինչպես են կերել բազմաթիվ վարկեր, և որևէ վստահություն չկա, որ այս վարկերը ևս չեն արժանանալու նույն անփառունակ ճակատագրին,- ընդհատել նիստը, հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը, խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի կողմից հստակ գնահատական տալ թե՛ ազատամարիկների, թե՛ մեր գործընկեր Արամ Մանուկյանի հանդեպ տեղի ունեցածին։ Այլապես «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ բոյկոտելու է այս արտահերթ նստաշրջանը»,- ասաց Զոհրաբյանը։

«Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունները միացան «Բարգավաճ Հայաստանի» առաջարկին։

«Հայ հեղափոխական դաշնակություն» խմբակցությունը խնդրեց 20 րոպե ընդմիջում։ Տեղի ունեցավ խմբակցությունների ղեկավարների հանդիպում ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի հետ։ Հանդիպման ավարտին հայտարարվեց, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ ժամը 18։30-ին գումարել արտահերթ նիստ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։

Բոլոր խմբկացությունները, բացի ՀՀԿ-ից ու «Հայ հեղափոխական դաշնակցությունից», բոյկոտեցին նիստը և դուրս եկան դահլիճից։

Ակնարկ

Դեկտեմբերի 8-ին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Դեկտեմբերի 10-ին դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեկտեմբերի 11-ին հարձակման է ենթրակվել Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հաջորդ օրը՝ ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

Մեկնաբանել