Քաղաքացի-պետություն նամակագրությունը՝ կայքի միջոցով

UntitledԴեկտեմբերի 15-ին ազդարարվել է «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտը: Այս մասին հայտարարվել է «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» համաժողովի շրաջնակում, որը կազմակերպել են ՀՀ կառավարությունը և Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Շնորհանդեսին ներկայացվել է նաև e-citizen.am էլեկտրոնային պորտալը, որի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի, ունենալով նույնականացման քարտ, կարող է պետության կողմից ստանալ անվճար էլ-փոստ, նամակագրություն իրականցնել պետական մարմինների հետ, ստանալ պետական մարմինների կողմից ուղարկվող ծանուցումները:

«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» 1,4 մլն եվրո արժողությամբ ծրագիրը մեկնարկել է 2012 թ., որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:

Կառավարությունը 2010 թ. նախաձեռնել էր էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիր, որի նպատակնը այնպիսի միջավայրի ստեղծումն է, որտեղ նվազագույնի կհասնի քաղաքացի‑պետական պաշտոնյա շփումը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ներկայում Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից, իսկ ընտանիքների հասանելիության աստիճանը համացանցին 82 տոկոս է:

«Սա արդեն համեմատական ցուցանիշ է Եվրամիության երկրների կտրվածքով և տարածաշրջանում բարձր ցուցանիշներից մեկն է: 2014 թ. ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարության պատրաստվածության ինդեքսով Հայաստանն զբաղեցրել է 61-րդ տեղը, ինչն զգալի առաջընթաց է նախորդ ցուցանիշի համեմատ՝ 2012 թ.՝ 94-րդ տեղ»,- ասել է Հարությունյանը:

Նա նշանակալից բարեփոխում է համարել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրումը, կարևորել է ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների էլեկտրոնային համակարգի ստեղծումը:

«Մշակված համացանցային լուծումների շնորհիվ, օրինակ, հնարավոր է դարձել առցանց տեղեկանալ վարորդների կողմից խախտումների արդյունքում առաջացած տուգանքների վերաբերյալ տեղեկատվությանը և վճարումների կատարմանը համացանցի միջոցով: «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը՝ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության հաջողված նախաձեռնություններից է»,- ասել է Դավիթ Հարությունյանը: