Արձագանքներ՝ Թուրքիայում մամուլի դեմ օպերացիային

Սա քաղաքացիական հեղաշրջում է. Քեմալ Քըլըչդարօղլու Սա քաղաքացիական հեղաշրջում է. Քեմալ Քըլըչդարօղլու

Դեկտեմբերի 14-ին Թուրքիայում մի շարք լրատվամիջոցների դեմ օպերացիան խստորեն դատապարտել են ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրա սահմաներից դուրս: Իրավապահների գործողությունների արդյունքում ձերբակալվել է մեդիա ոլորտի մոտ 30 հայտնի գործիչ՝ խմբագիրներ, պրոդյուսերներ և հեռուստաընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Zaman պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն:

Ընդդիմությունը դատապարտում է

«Թուրքիան ականատես է քաղաքացիական հեղաշրջման. սա հեղաշրջում է ժողովրդավարության դեմ,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիամդիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ, CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն:- Լրագրողների ձերբակալությունն ու թերթերի խմբագրությունների, հեռուստատեսային ցանցերի պաշարումը մի բան է, որը ԺՀԿ-ն չի ընդունում»:

ԺՀԿ-ից քննադատությամբ է հանես եկել նաև կուսակցության խոսնակ Հալուք Քոչը: Դեկտեմբերի 14-ին մամուլի ասուլիսին Քոչը մեղադրել է կառավարությանը՝ լայնամասշտաբ կոռուպցիայի վերաբերյալ պնդումները քողարկելու մեջ:

Թուրքիայի Ազգայնական կուսակցության (MHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը մամուլի դեմ օպերացիան բնութագրել է որպես «հեղաշրջում օրենքի գերակայության դեմ»: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Վուրալը հայտարարել է, որ անցյալ տարվա «Մեծ կաշառք» օպերացիայի տարելիցի նախաշեմին տեղի ունեղած այդ գործողության նպատակն է փոխել երկրի օրակարգը՝ ճնշում գործադրելով որոշ լրատվամիջոցների վրա:

«Մամուլի դեմ ճնշումներն ու սպառնալիքները արտացոլում են նրանց մտադրությունները, ովքեր վախենում են, որ հանրությունը կտեղեկանա կոռուպցիայի վերաբերյալ փաստերին»,- ասել է Վուրալը:

Անկախ պատգամավոր և Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայը Today’s Zaman-ին ասել է, որ կառավարությունը նախընտրեց հետապնդել նրանց, ովքեր խոսում են կոռուպցիայի մասին՝ կոռուպցիայի մասին պնդումները պարզաբանելու՝ հերքելու կամ հաստատելու փոխարեն:

Ոստիկանության օպերացիայի դեմ միաձայն հանդես են եկել նաև Թուրքիայի մամուլի կազմակերպությունները: Թուրքիայի լրագրողների և գրողների հիմնադրամի (GYV) գրավոր հայտարարության մեջ ասված է, որ նրանք, ովքեր չեն ենթարկվում քաղաքական ուժին, աստիճանաբար պատկերվում են որպես հանցագործներ:

«Անկախ լրագրության պլատֆորմը» դատապարտել է մամուլի դեմ գործողությունները՝ «Ո՛չ ոստիկանական պետությանը» վերնագրով իր հայտարարության մեջ:

Համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել Թուրք լրագրողների ասոցիացիան և Թուրք լրագրողների միությունը՝ հայտարարելով, որ «մամուլի և խոսքի ազատությունը չի կարող պատժվել»:

Կառավարության արձագանքը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 14-ին խոստացել է պատասխան հարված հասցնել յուրաքանչյուրի, ով «փորձում է խարխլել թուրքական պետության և կառավարության հիմքերը»:

Թուրքական պետական Anadolu գործակալությունը, անդրադառնալով դեպքերին, գրել է, որ Թուրքիայի դատախազությունը տվել է 32 հոգու ձերբակալության հրաման, որոնք մեղադրվում են «խարդախության, կեղծ վկայություններ տալու և հանցավոր սինդիկատ ստեղծելու մեջ, ինչի նպատակն է վնասել թուրքական պետության ինքնիշխանությանը»:

«Ձերբակալված բոլոր անձինք մեղադրվում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա շարժման հետ կապեր ունենալու մեջ, որը կառավարությունը բնութագրում է որպես զուգահեռ կառույց»,- գրել է Anadolu-ն:

«Նրանք, ովքեր ներթափանցել են պետական կառույցներ և գաղտնալսել են նախագահին ու վարչապետին, պետք է իմանան, որ նրանց գործողությունները հետևանքներ կունենան»,- ասել է «Արդարություն և զարգացում» կառավարող կուսակցության նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ ակնարկելով անցյալ տարի Թուրքիայում տեղի ունեցած «Մեծ կաշառք» օպերացիան և դրան հետևած սկանդալային ձայնագրությունները, որոնցում ներգրավված էր Էրդողանի ընտանիքն ու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ:

Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի հակաահաբեկչական ջոկատները փորձել են պաշարել երկրում ամենամեծ տպաքանակն ունեցող թերթի՝ Zaman-ի խմբագրությունը: Բերման է ենթարկվել թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն, որը Twitter-ում իր գրառման մեջ ասել է, որ ազատ մամուլը չի կարող լռեցվել:

Չենք նահանջելու. Zaman

Zaman մեդիա խումբը յոթ լեզվով (թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն և չիներեն) մամուլի հաղորդագրություն է հրապարակել՝ ընդգծելով, որ չի դադարեցնելու անկախ լրագրողական իր գործունեությունը և չի ճկվելու կառավարական ճնշման տակ:

«Մեր ընթերցողներ, թուրք ժողովուրդն ու աշխարհը պետք է վստահ լինեն՝ մենք չենք նահանջի վախի և սպառնալիքների ներքո: Վստահ ենք՝ մի օր Թուրքիան անցյալում կթողնի այս մութ էջը և վերջապես կդառնա ավելի լավ ժողովրդավարություն, որտեղ մամուլը բացարձակապես ազատ կլինի ճնշումներից»:

Պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին կոչ է արել Թուրքիային չխախտել մամուլի ազատությունն ու դատական անկախությունը: Պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին կոչ է արել Թուրքիային չխախտել մամուլի ազատությունն ու դատական անկախությունը:

ԱՄՆ-ի և ԵՄ-ի արձագանքը

Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններին արձագանքել է Եվրոպական Միությունը՝ ի դեմս ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի, որոնք իրենց համատեղ հայտարարության մեջ ասել են, որ Թուրքիա իրենց այցից ընդամենը մի քանի օր անց տեղի ունեցած այս օպերացիան հակասում է եվրոպական արժեքներին ու չափորոշիչներին: Նրանք հույս են հայտնել, որ հաշվի կառնվի անմեղության կանխավարկածը և կանցկացվի թափանցիկ ու անկախ հետաքննություն:

ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին կոչ է արել Թուրքիային չխախտել մամուլի ազատությունն ու դատական անկախությունը:

Ակնարկ

Մեկ տարի առաջ՝  դեկտեմբերի 17-ին, Թուրքիայում տեղի ունեցավ «Մեծ կաշառք» աղմկահարույց օպերացիան, որի արդյունքում ձերբակալվեցին Թուրքիայի նախարարների որդիներ, հայտնի գործարարներ և պաշտոնյաներ: Այդ ժամանակահատվածում Թուրքիայի վարչապետ Էրդողանը տեղի ունեցածում մեղադրեց Ֆեթուլլահ Գյուլենին ու նրա շարժումը՝ գործողությունները որակելով «կեղտոտ օպերացիա՝ ուղղված երկրի պետականության դեմ»: Դեկտեմբերի 14-ի գործողությունները կարելի է բնութագրել որպես «Արդարություն և զարգացում» կուսակցության հակահարվածը գյուլենականներին, որոնց պատկանում են մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ:

Ստելլա Մեհրաբեկյան