Թուրքիայի կառավարությունը պետք է առերեսվի կոռուպցիայի հարցին. Մահչուփյան

Mahcupyan HurriyetԻնչ-որ պահի թուրքական կառավարությունը կդիմի հանրությանը կոռուպցիայի հարցով, և դա պետք է արվի թե՛ համոզիչ և թե՛ թափանցիկ կերպով: Այսպիսի հայտարարություն է արել

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը:

«Ոչ մի կուսակցություն կամ կառավարություն չի կարող դրանից խուսափել: Դա մի  թղթապանակ չէ, որը կարող է առհավետ թաքցվել,- Hürriyet օրաթերթի հետ զրույցում ասել է Մահչուփյանը: – Նման պարզաբանումից խուսափելը ԱԶԿ-ի [«Արդարություն և զարգացում» կուսակցություն] վրա թանկ կնստի»:

«Չեմ կարծում, որ այս մեղադրանքները [կոռուպցիայի վերաբերյալ] կարող են հասնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սակայն որոշ մարդիկ մտահոգված են, որ դա կարող է վերածվել փաստարկի, որը կօգտագործվի ընտրական քարոզարշավերի ժամանակ»,- ընդգծել է Դավութօղլուի խորհրդականն ու հավելել, որ եթե կառավարությունը չհետևի կոռուպցիայի մասին հայտարարություններին, միջազգային հարթակում խնդիրների կառերեսվի:

Կոռուպցիոն մեղադրանքները սկսեցին հնչել 2013թ. դեկտեմբերին հակակոռուպցիոն «Մեծ կաշառք» օպերացիայի ֆոնին, որի մեջ ներքաշված էին Թուրքիայի նախարարների որդիներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ: Նախկին նախարարների դեմ մեղադրանքները հանվել են, սակայն խորհրդարանական հետաքննությունը շարունակվում է:

Հոկտեմբերի վերջին Դավութօղլուի խորհրդականի պաշտոնին նշանակված Էթյեն Մահչուփյանը հերքել է պնդումները, որ ԱԶԿ-ի ներքո մարդիկ կարող են իրենց ճնշված զգալ:

«Ես հակառակն եմ կարծում: ԱԶԿ-ի ներքո ես դարձել եմ ավելի ազատ՝ և՛ որպես հայ, և՛ որպես մտավորական»,- ասել է Մահչուփյանը: