Արամ Մանուկյանի գործով կասկածյալը ստորագրությամբ ազատ է արձակվել

investigation-committee1Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ բռնության մեջ կասկածվող Արշակ Սվազյանը ազատ է արձակվել․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Քննչական կոմիտեի պարզաբանման համաձայն՝ նա որպես կասկածյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու, այն է՝ Արամ Մանուկյանի առողջությանը թեթև վնասվածք պատճառելու համար։

Արշակ Սվազյանի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական կտրվի դատաբժշկական փորձաքննության վերջնական եզրակացությունն ստանալուց հետո՝ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ։

«Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության թիվ 2185/հ եզրակացությամբ լիարժեք գնահատական չի տրվել նրան պատճառված մարմնական վնասվածքների աստիճանին։ Մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի դեպքի օրվանից 21 օր հետո»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Ակնարկ

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը անհայտ անձի կողմից իր տան շքամուտքի մոտ ծեծի էր ենթարկվել դեկտեմբերի 11-ին։ Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում: 1973 թ. ծնված Արշակ Սվազյանը Մանուկյանի վրա հարձակում իրականացնելու կասկածանքով բերման էր ենթարկվել դեկտեմբերի 14-ին։

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված ոտնձգության մեջ որևէ ենթատեքստ չի տեսնում։

Մեկնաբանել