Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու արտահերթ նիստը ՀՀԿ-ն տապալեց

timthumb7Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր երկրում ստեղծված իրավիճակը՝ վերջին օրերին ազատամարտիկների և Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ իրականացված բռնությունները, չկայացավ քվորում չլինելու պատճառով։ Գրանցվել էր 45 պատգամավոր, ՀՀԿ խմբակցությունը արտահերթ նիստին չէր ներկայացել։

Ազգային ժողովի արտահերթ նիստին գրանցումը կշարունակվի մինչև անհրաժեշտ ձայների ապահովումը, բայց ոչ ավելի, քան երեք ժամ։

Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում հրավիրվել էր արտահերթ նստաշրջան։ Օրակարգում ներառված էին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Ասիական զարգացման բանկից նոր վարկեր ներգրավելու, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության և մի շարք օրենքների փոփոխությունների հետ կապված հարցեր։

Նիստի սկզբին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդես էր եկել առաջարկով՝ ընդհատել նիստը և հրավիրել նոր արտահերթ նիստ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունները միացել էին «Բարգավաճ Հայաստանի» առաջարկին։

«Հայ հեղափոխական դաշնակություն» խմբակցությունը խնդրել էր 20 րոպե ընդմիջում։ Տեղի էր ունեցել խմբակցությունների ղեկավարների հանդիպում ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի հետ։ Հանդիպման ավարտին հայտարարվել էր, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ ժամը 18։30-ին գումարել արտահերթ նիստ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։

Բոլոր խմբկացությունները, բացի ՀՀԿ-ից ու «Հայ հեղափոխական դաշնակցությունից», բոյկոտել էին նիստը և դուրս եկել դահլիճից։

Ակնարկ

Դեկտեմբերի 8-ին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Դեկտեմբերի 10-ին դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեկտեմբերի 11-ին հարձակման է ենթրակվել Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հաջորդ օրը՝ ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

Մեկնաբանել