Վերջին օրերին բռնությունների էսկալացիան քաղաքական գործիչների ու ազատամարտիկների նկատամամբ մի շարք հարցեր է առաջացնում։ Ամենագլխավոր հարցն այն է, թե ինչ խնդիր են փորձում լուծել բռնություն ալիք բարձրացնելով:
Արամ Մանուկյանի հետ միջադեպից հետո իշխանամետ «ընդդիմության» և լրատվամիջոցների, այնուհետև հենց իշխանությունների ներկայացուցիչները սկսեցին խոսել այն մասին, որ գործող իշխանությունների շահերից չի բխում քաղաքական բռնությունների այս ալիքը, և բռնությունը նրանց ոճը չէ: Նրանք ուղղակի կամ անուղղակի հայտարարում են, որ կա երրորդ ուժ, որը ձգտում է ապակայունացնել իրավիճակը և այս կերպ հարված է հասցնում իշխանություններին: Սեփական «հետաքննություն» անցկացնելով՝ «ընդդիմության» ներկայացուցիչները սկսեցին նաև անուններ տալ, թե ում է այս ամենը ձեռնտու: Նպատակը շատ պարզ է՝ գործող իշխանությունների վրայից հանել երկրում ալիք առած քաղաքական ահաբեկչության պատասխանատվությունը:
Ինչ վերաբերում է գործող իշխանությունների և նրա առաջնորդ Սերժ Սարգսյանի ոճին, ապա պետք է արձանագրել, որ Սարգսյանը իրոք գերադասում է իր ընդդիմախոսներին և իրեն խանգարողներին գնել կանխիկ գումարով և ամենամսյա թոշակ նշանակելով: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ իշխանությունների գործիքակազմում բռնությունը տեղ չունի: Հետաքրքիր է՝ ո՞վ է իշխանության եկել մարտմեկյան տասը զոհերի դիակների վրայով, ո՞վ է 1996թ. նախագահական ընտրություններից հետո նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկել կրակել արտահերթ ընտրություններ պահանջող ցուցարարների վրա:
Ուշագրավ է, որ իշխանություններին բռնություններ կիրառելու մեղադրանքից կրծքով պաշտպանում է Ռուբեն Հայրապետյանը: Նա հայտարարել է, որ բռնություն կիրառելը իշխանությունների ոճը չէ: Այդ դեպքում՝ ինչպե՞ս ստացվեց, որ հանրապետական, այն ժամանակ պատգամավոր Հայրապետյանի ռեստորանում նրա թիկնազորը ծեծելով մարդու է սպանում: Այդ նույն Հայրապետյանն էր տեսախցիկների առաջ հայտարարում, որ ինքը պատժում է՝ ծեծելով: Հավանաբար՝ բռնություն կիրառելու ջատագով Հայրապետյանը տխրահռչակ միջադեպերի ժամանակ ոչ թե իշխանության ներկայացուցիչ է եղել, այլ ընդդիմության կամ ինչ-որ խորհրդավոր «երրորդ ուժի»: Կամ միգուցե նա նկատի ուներ, որ ոչ թե ծեծելը, այլ ծեծելով սպանելն է իշխանությունների ոճը:
Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հայրապետյանը չի մոռանում թափանցիկ ակնարկներ անել, թե ում պետք է մեղադրել քաղաքական ահաբեկչություն կազմակերպելու համար:
Երկրում, որտեղ Սերժ Սարգսյանի և նրա նեղ շրջապատի կողմից վերահսկվում է յուրաքանչյուր քիչ թե շատ աչքի ընկնող ոլորտ, պարզապես հնարավոր չէ, որ առանց իշխանության հրահանգի կամ թույլտվության որևէ ուժ կարողանա քաղաքական ահաբեկչության շարք կազմակերպել: Հայաստանի նման ավտորիտար կառավարման ռեժիմ ունեցող երկրում բռնություն ու քաղաքական ահաբեկչություն կազմակերպելու արտոնագիրը պատկանում է բացառապես իշխանություններին։
Ինչպե՞ս բացատրել ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի այն հայտարարությունը, որ Սարգսյանին հայհոյողների «ականջները շան թուլի նման կկտրի»: Բռնություն կիրառելու սիրահար իշխանավորների անունները երկար կարելի է թվել: Միայն արձանագրենք, որ բռնություն կիրառելու սիրահարներով շրջապատված Սերժ Սարգսյանը փաստացի մարգինալ է, քանի որ իր կառուցած իշխանական բուրգում քչերն են, որ իր նման «ոչ բռնությանը» կարգախոսով են առաջնորդվում: Համարյա ստացվում է՝ «բարի թագավոր՝ բռի ու չար բոյարներ» բեմադրություն:
Եթե ինչ-որ հրաշքով «երրորդ ուժը» իշխանությունների շահերին հակասող քաղաքական ահաբեկչություն կազմակերպի, այդ «քաղաքական ահաբեկչին» կհայտնաբերեն ժամերի ընթացքում՝ դրանից բխող հետևանքներով: «Բռնությունը գործող իշխանությունների ոճը չէ» կարգախոսների ներքո հայտնաբերում են, որ Արամ Մանուկյանի վրա ձեռք բարձրացրած անձը ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդն է: Իսկ զավեշտալին այն է, որ զուգահեռաբար փորձում են բռնություններին հայրենսիրական երանգ տալ՝ անուղղակիորեն ադրբեջանական միջամտության հետքեր գտնելով:
Քաղաքական և քարոզչական մանիպուլյացիաների մեջ վարպետացած, երկիրը տանուլ տված գործող իշխանություններն ամեն ինչի պատրաստ են իշխանությունը երկարաձգելու համար: Եվ հետևողականորեն սլաքները ուղղում են այն ուղղությամբ, որտեղից իրենց միահեծան իշխանությանը ամենամեծ վտանգն է սպառնում: Իշխանությունը ահաբեկված է իշխանությունը կորցնելու վտանգից, և յուրաքանչյուր վճռական գործողություն ստիպելու է Սերժ Սարգսյանին ԱՊՀ տարածաշրջանում հարմար քաղաք գտնել, որտեղից հնարավոր կլինի հրաժեշտի մամուլի ասուլիս կազմակերպել։