Հայերենը պաշտոնական լեզու՝ իրաքյան Քրդստանում

Քրդստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ Քրդստանի ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ

Իրաքի հյուսիսում գտնվող Քրդստանի ինքնավար տարածաշրջանում ի թիվս այլ լեզուների՝ հայերենը հայտարարվել է պաշտոնական լեզու: Ընդհանուր առմամբ, Քրդստանի տարածաշրջանային կառավարության կողմից պաշտոնական լեզուներ են հայտարարվել քրդերենը, արաբերենը, թուրքմեներենը, ասորերենն ու հայերենը:

Քրդական rudaw.net կայքը, վկայակոչելով Քրդական ինքնավարության խորհրդարանի ներկայացուցիչ Թարըք Ջևհերին, հաղորդել է, որ օրինագիծը Քրդստանի կառավարության կողմից ընդունվել է դեռ հոկտեմբերի 29-ին և ներկայացվել Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին, որն էլ այն վավերացրել է:

«Օրինագիծը բաղկացած է 27 հոդվածից: Առաջին հոդվածով սահմանվում է, որ Իրաքում և Քրդստանի տարածաշրջանում քրդերենն ու արաբերենը պաշտոնական լեզուներ են, իսկ երկրորդ հոդվածով` թուրքմեներենը, ասորերենը և հայերենը քրդերենի հետ միասին պաշտոնական լեզուներ են հայտարարվում այն շրջաններում, որտեղ բնակվում են ազգային այս փոքրամասնությունները»,- տեղեկացրել է Ջևհերը:

Այպիսով, Հյուսիսային Իրաքում ապրող փոքրամասնության կարգավիճակ ունեցող բոլոր ազգերի լեզուները հայտարարվել են պաշտոնական: 2003թ. սկսված պատերազմից ի վեր հայության մի հատվածը Իրաքի մայրաքաղաք Բաղդադից և այլ շրջաններից տեղափոխվել է քրդական ինքնավարության տարածք, որտեղ ավելի անվտանգ էր: ՀՀ արտգործնախարարության կայքի համաձայն՝ քրդական ինքնավարության տարածքում հայերի թիվը շուրջ երկու հազար է: Նրանց մի մասը քրդախոս է, սակայն դա խոչընդոտ չէ հայկական ինքնության պահպանման համար:

Մեկնաբանել