Ռուսաստանի ՀՆԱ-ն կարող է կրճատվել մինչև 4.7%

roubleՌուսաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան որոշում է կայացրել հիմնական տոկոսադրույքը [Ռուսաստանում հիմնական տոկոսադրույքը և վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնն են] 10.5%-ից բարձրացնել 17%-ի՝ ռուբլու արժեզրկման հերթական ռեկորդից հետո: Դեկտեմբերի 15-ին ռուբլին մեկ օրում արժեզրկվել էր ավելի քան 8%-ով։ Առևտրաշրջանի փակմանը դոլարի փոխարժեքը կազմել է 64.4 ռուբլի, եվրոյինը՝ 78,8 ռուբլի։

Ռուբլու անկման ֆոնին 10.12%-ով փլուզվել է ռուսական ֆոնդային բորսան։ Ռուսական բաժնետոմսերի ամբողջ շուկայի կապիտալիզացիան դեկտեմբերի 14-ի արդյունքներով կազմել է 384.9 մլրդ դոլար, գրում է Bloomberg-ը։ Ներկայում ռուսական բոլոր ընկերությունները միասին վերցրած ավելի էժան են, քան միայն Microsoft-ը՝ 386.6 մլրդ դոլար, կամ Apple-ը՝ 643,9 մլրդ դոլար։

Ռուսաստանի Կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ երկիրը հնարավոր է՝ առերեսվի ՀՆԱ-ի 4.5%-ից մինչև 4.7% կրճատման 2015թ., եթե նավթի գները մնան $60/1 բարելի սահմաններում։

Ռուսաստանում տոկոսադրույքի կտրուկ բարձրացման լուրը տեղ է գտել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցների առաջին էջերում։

Ռուսաստանի ձեռնարկատերերի իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը «Կոմերսանտին» ասել է, որ ԿԲ-ի որոշումը հակասում է տնտեսության զարգացմանը և Պուտինի ուղերձին. «Կենտրոնական բանկն ունի բազմաթիվ գործիքներ՝ միջամտություններից մինչև առևտրի դադարեցում: Իհարկե, նրանք այժմ բարձրացրել են տոկոսադրույքը և կսկսեն իրականացնել միջամտություններ՝ չեզոքացնելու չարաշահորդներին։ Սակայն սա կտրականապես հակասում է տնտեսության զարգացմանը։ Եթե մենք նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում լսում էինք այն մասին, որ հարկ է զարգացնել բիզնեսը, նոր տեխնոլոգիաները, ներդրումները, ներկրման փոխարինումը, ապա ԿԲ-ի այս որոշումը կտրականապես հակասում է այդ ամենին»։

«Սա «շոկ և ցնցում» մոտեցում է, որը նախկինում գործածել են զարգացող այլ շուկաների Կենտրոնական բանկերը՝ փորձելով պաշտպանել իրենց արժույթը և դուրս մղել կարճաժամկետ չարաշահորդներին շուկայից»,- բրիտանական Financial Times-ին ասել է Քեթի Լիենը՝ ամերիկյան BK Asset Management-ից, որը մասնագիտանում է արժույթների ոլորտում։

«Ըստ էության՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկը շուկաներին ասում է, որ այս առևտրի մյուս կողմում է, և թույլ չի տա, որ ռուբլին լիովին տապալվի։ Վերջին շրջանում նրանք փորձել էին մի շարք միջոցառումներ, և թվում է՝ որևէ մեկն արդյունք չէր տվել։ Փոխարժեքի աճը պետք է առնվազն կարճաժամկետ հեռանկարում օգնի ռուբլուն «հատակին հասնել»»,- ասում է նա։

Ռուսական «Իզվեստիան» տեղեկացնում է, որ փոխանակման կետերը և բանկերը զանգվածաբար սկսել են հնգանիշ ցուցանակներ գնել: Եթե ռուբլին շարունակի այսպիսի սրընթաց անկումը, ապա մտավախություն կա, որ շուտով դոլարի և եվրոյի փոխարժեքները կհասնեն 100 ռուբլու մակարդակին կամ կգերազանցեն այն։ Նման վատատեսական սցենարի դեպքում ռուսական բանկերը ստիպված կլինեն փոխել քառանիշ ցուցանակները։

Հիմնական տոկոսադրույքը տոկոսադրույք է, որով Ռուսաստանի Կենտրոնական բանկը մեկ շաբաթով վարկեր է տրամադրում առևտրային բանկերին և միաժամանակ այն տոկոսադրույքն է, որով ԿԲ-ն պատրաստ է բանկերից մեկ շաբաթով որպես ավանդ ընդունել դրամական միջոցներ։ Այն դերակատարություն ունի առևտրային բանկերի վարկերի տոկոսադրույքների սահմանման հարցում և ազդում է գնաճի մակարդակի վրա։

Հիմնական տոկոսադրույքը տնտեսական և ֆինանսական նոր գործիք է Ռուսաստանի դրամավարկային քաղաքականության ոլորտում, և ՌԴ Կենտրոնական բանկի կողմից կիրառվում է 2013թ. սեպտեմբերի 13-ից՝ տարեկան 5.5%։ 2014թ. սկզբից հիմնական տոկոսադրույքը բարձրացվել է վեց անգամ՝ 2014թ. մարտի 1-ից՝ 7%, ապրիլի 25-ից՝ 7.5%, հուլիսի 25-ից՝ 8%, նոյեմբերի 5-ից՝ 9.5%, դեկտեմբերի 12-ից՝ 10.5%, դեկտեմբերի 16-ից՝ 17%։

Մեկնաբանել