Ուկրաինան, ինչպես և Թուրքիան, երբեք չի անդամակցի ԵՄ-ին. Մեդվեդև

Թուրքիան ասոցացման մասին համաձայնագիր է ստորագրել 51 տարի առաջ, սակայն մինչև այժմ ԵՄ-ի անդամ չէ. Մեդվեդև Թուրքիան ասոցացման մասին համաձայնագիր է ստորագրել 51 տարի առաջ, սակայն մինչև այժմ ԵՄ-ի անդամ չէ. Մեդվեդև

Եվրամիությունը (ԵՄ) չի շտապում եվրոպական տերությունների սեղանի մոտ հրավիրել Ուկրաինային՝ որպես լիիրավ անդամի, ճիշտ այնպես, ինչպես Թուրքիային: Այսպիսի համեմատություն է արել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Նեզավիսիմայա գազետա» թերթում լույս տեսած՝ «Ռուսաստան և Ուկրաինա. կյանք՝ նոր կանոններով» իր հեղինակային հոդվածում:

«Մեկ տարի առաջ՝ 2013-ի վերջին, երբ Ուկրաինայում ճգնաժամ սկսվեց, ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ հետևանքներ կունենա այդ «դառը նոյեմբերը» մեր հարևանների համար»,- գրել է Մեդվեդևը:

«Ուկրաինայի շատ խնդիրներ սկսվել են հենց այն պահից, երբ կիևյան ղեկավարությունը՝ արևմտյան գործընկերների դրդմամբ, սկսեց խոսել Ռուսաստանից տխրահռչակ կախվածությունը նվազեցնելու մասին: Այդ պահին քաղաքականությունը գերակա դարձավ տնտեսության հանդեպ: Խոշոր նախագծերը, այդ թվում՝ տնտեսական, սկսեցին դիտվել աշխարհում քաղաքական ուժերի հավասարակշռության հնարավոր փոփոխության դիտանկյուից: 2009-ից սկսած՝ «Արևելյան գործընկերության» ձևաչափի միջոցով Ուկրաինային և մյուս պետություններին, ըստ էության, պարտադրվում է մեր երկրի հետ համագործակցության կրճատման գաղափարը,- գրել է Մեդվեդևը: – Տնտեսական առումով եվրոպացիների մոտեցումն առհասարակ «թելադրություն» էր հիշեցնում: Ուկրաինային պարզապես թելադրվել է, ընդ որում՝ հանգամանորեն, թե ինչ է նա պարտավոր անել կյանքի գրեթե ամեն ոլորտում»:

ՌԴ-ի վարչապետն այնուհետև անցում է կատարում Կիևի և Բրյուսելի հարաբերություններին:

«ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը ոչ միայն պարտավորություններ չի պարունակում, այլև նույնիսկ չի հիշատակում Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության մասին: ԵՄ-ն չի շտապում եվրոպական տերությունների սեղանի մոտ հրավիրել Ուկրաինային՝ որպես լիիրավ անդամի: Անգամ աթոռակ չի դնում, այլ նպատակաուղղված շարունակում է նրան պահել «խեղճ Լիզայի» կարգավիճակում՝ հանդիպումներ, որոնք երբեք հարսանիքով չեն ավարտվի: Բավական է նայել Թուրքիային. նա ասոցացման մասին համաձայնագիր է ստորագրել 51 տարի առաջ, սակայն մինչև այժմ ԵՄ-ի անդամ չէ, – նկատել է Մեդվեդևը և այնուհետև մեջբերել ՌԴ-ի նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինին: – Հարցին, թե երբ է Ուկրաինան դառնալու ԵՄ-ի անդամ, Վիկտոր Չեռնոմիրդինը ժամանակին ասել է. «Թուրքիայից հետո»: – «Իսկ Թուրքիան ե՞րբ կդառնա»: – «Երբեք»»:

«Մեր երկրները հարևաններ են և չեն կարող չհամագործակցել: Պարզապես այժմ այդ համագործակցությունը լինելու է բացարձակապես այսպես ասած՝ «եվրոպական», ռացիոնալ և պրագմատիկ: Կառուցելով հարաբերություններ նոր պայմաններում՝ մենք մի կողմ կդնենք «ազգակցական կապն» ու զգացմունքները: Եվ այլևս չենք սնի Ուկրաինայի տնտեսությունը: Մեզ դա ձեռնտու չէ, և, ճիշտն ասած, հոգնեցրել է»,- եզրափակել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը: