Հերի՛ք է Դինքի դատավարությունը փաթեթավորել տարբեր սցենարներով. «Ակօս»

agos dink murder2Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթն անդրադարձել է թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի դատավարության շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին: Գործը վերաբացվել է, և նոր բացահայտումներ են տեղի ունենում: Թուրքիայի ղեկավարությունը, կարծես, ուղղորդում է դատավարությունը, և «Ակօսը» կոչ է անում Թուրքիայի իշխանություններին Դինքի սպանության մեղքը չբարդել Գյուլենական համայնքի վրա:

«Երբ կարդում ենք կառավարամետ թերթերի մանիպուլյատիվ հրապարակումները, հասկանալի է դառնում, որ (պետությունը) ցանկանում է Հրանտ Դինքի սպանությունն ամբողջովին բարդել Գյուլենական համայնքի վրա: Դեռ հուլիսին «Այս դատավարությունը մի բարդեք զուգահեռ կառույցի վրա» [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա շրջապատը Գյուլենական համայնքին «զուգահեռ կառույց են անվանում» – ՍիվիլՆեթ] վերնագրով հոդվածում գրել էինք. «Դինքի դատավարության օգտագործումը՝ որպես պատերազմական ռազմավարության գործիք ծառայում է նրան, որ որոշ հանցագործներ մնում են ստվերում»:

Ոճրագործ Օգյուն Սամասթի վերջերս տված ցուցմունքը և տարբեր լրատվամիջոցների կողմից դրա մեկնաբանումը  վկայում է, որ նույն խաղն ու նույն ռազմավարությունը շարունակվում են ավելի խորացված ձևով: Օգյուն Սամասթը վերջին ցուցմունքում նշում է ոստիկանության ղեկավարների անուններ, որոնք հասարակության մեջ հայտնի են որպես գյուլենականներ, և նրանց անունները հայտնվում են թերթերի առաջին էջերին: Խաղը, որի հիմքում ընկած է իրականության միայն մեկ կողմի պատկերումը, միմիայն ապացուցում է՝ խաղի հեղինակների ձեռքերը կեղտոտ են:

Այսօր, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցության  ղեկավարության և  Գյուլենական համայնքի միջև 10-ամյա համագործակցությունը ընդհատվել է, մենք հայտնվել ենք նոր կռվի և բևեռացման փուլում: Սա մի կռիվ է, որտեղ միմյանց թուլացնելու համար երկու կողմն էլ յուրաքանչյուր միջոց թույլատրելի են համարում: Եվ պարզ է, որ ատելությամբ և փառասիրությամբ լեցուն այս  միջավայրում Հրանտ Դինքի գործով դատավարությունն իշխանության կողմից օգտագործվում է որպես զենք Գյուլենական համայնքի դեմ պայքարում: Դրանով իսկ Դինքի դատավարությունը, որն այս երկրում արդարության առկայության ամենակարևոր  քննություններից է, օգտագործվում է  կեղտոտ այս պլանի համար:

Այո՛, Հրանտ Դինքի սպանության համար պատասխանատվություն են կրում ոստիկանության այն աշխատակիցները, որոնք ընդունում են իրենց կապը Գյուլենական համայնքի հետ, և Դինքի մարդասպանի ցուցմունքում շոշափվում  են այդ անունները:

Սակայն միայն նրա՞նք: Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) և Զինված ուժերի գլխավոր շտաբը, ինչպես նաև պետական տարբեր մարմիններ՝ ոստիկանը, զինվորը, դատավորը, բյուրոկրատական համակարգը և այս բոլորի հետ սերտ առնչություն ունեցող քաղաքական իշխանությունը, իրենց դերակատարությունն են ունեցել Դինքին թիրախ դարձնելու, նրան սպանելու, իսկ սպանությունից հետո հանցագործներին թաքցնելու գործում:

Հետևաբար,  ինչպես երեկ, այնպես էլ այսօր անհրաժեշտ է անել ընդամենը մեկ բան՝ բացահայտել Հրանտ Դինքի սպանության բոլոր կողմերը, սպանության հետ կապված հարցերը հանրային դատին ներկայացնել, մեղավորներին անպատիժ չթողնել: Հակառակ դեպքում` կուշտ ենք իրականության միայն մեկ կողմը տարբեր սցենարներով փաթեթավորելուց:

Այս կեղտոտ խաղը արդարություն չի ապահովում, այլ մեծացնում է իշխանության պատասխանատվությունը հանցավոր համաձայնությամբ տեղի ունեցած սպանության գործում: Եվ մենք գիտենք, որ Թուրքիան, իսկապես «Նոր Թուրքիա» կդառնա այն օրը, երբ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: