Ոչ իշխանական ուժերը պահանջում են դատապարտել վերջին օրերի բռնարարքները

Ոչ իշխանական չորս ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը փակ նիստ են անցկացրել: Նիստի ավարտից հետո նրանք ներկայացրել են իրենց համատեղ հայտարությունը, որով դատապատում են վերջին օրերին տեղի ունեցած բռնարարքները և իրավապահներից պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել հանցագործությունների բացահայտաման ուղղությամբ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ դրանք առաջացրել են ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի մտահոգությունը : Նա ներակայացրել է դրանց առնչությամբ քաղաքական ուժերի պահանջները.

1. ԱԺ-ն դատապարտում է տեղի ունեցած բռնարարքները և պահանջում է իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները սեղմ ժամկետներում այս հանցագործություններում մեղսակից բոլոր անձանց ի հայտ բերելու և օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

2. Բռնության կոչերի և դատապարտելի հայտարարությունների համար անհապաղ պաշտոնանկ անել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին:

3. ԱԺ-ն պահանջում է ձեռնարկել բոլոր սահմանված միջոցներն այսուհետ կանխելու քաղաքակիրթ ու ժողովրդավար երկրին անհարիր ցանկացած քայլ:

Ակնարկ

Դեկտեմբերի 15-ին Աժ արտահերթ նիստի սկզբին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդես էր եկել առաջարկով՝ ընդհատել նիստը և հրավիրել նոր արտահերթ նիստ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ «Ժառանգություն» և ՕԵԿ խմբակցությունները միացել էին ԲՀԿ-ի առաջարկին։

Նրանց հաջողվել էր հավաքել բավարար քանակությամբ ստորագրություն՝ արտահերթ նոր նիստի գումարման համար, սակայն ավելի ուշ նիստը չկայացավ՝ բավարար քվորումի բացակայության պատճառով:

Դեկտեմբերի 8-ին ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Դեկտեմբերի 10-ին դիմակավորված անձինք ծեծի էին ենթարկել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեկտեմբերի 11-ին հարձակման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հաջորդ օրը՝ ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

Մանուկայնի գործով կասկածյալ 1973թ. ծնված Արշակ Սվազյանը, որը բերման էր ենթարկվել դեկտեմբերի 14-ին, դեկտեմբերի 15-ին չհեռանալու մասին սստորագրությամբ ազատ է արձակվել:

Մեկնաբանել