Ամանորյա միջոցառումների մեկնարկը՝ դեկտեմբերի 22-ին

MHM63149-copyՀանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ին կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ կազդարարվի Երևանում տոնական միջոցառումների մեկնարկը։ Դեկտեմբերի 23-ին Կարապի լճում  կբացվի սահադաշտը։

Ինչպես հաղորդում  են քաղաքապետարանի մամուլի ծառայույթունից, Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։

Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և շարունակվելու է մինչև կեսգիշերն անց. ճիշտ կեսգիշերին տարեմուտը նշանավորվելու է ամանորյա մեծ հրավառությամբ։ Տոնական համերգին մասնակցելու են հանրահայտ երգիչներ ու խմբեր։Ամանորյա միջոցառումների ամփոփիչ համերգը հունվարի 13-ին է, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի շուրջ։Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի խոսքով՝ այս տարի ևս կիրականացվի ավանդական դարձած սոցիալական ծրագիրը։

24 հազար 300 ընտանիք տոնի նախօրեին քաղաքապետարանի կողմից սննդային փաթեթներ կստանա։

Քաղաքապետարանը տոնական նվերներ՝ քաղցրավենիքով փաթեթներ է պատրաստել 38,500 փոքրիկների՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների բոլոր սաների, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքների երեխաների համար։ 4000 երեխաների տրվելու են նաև ամանորյա ներկայացումների տոմսեր։