Իրավիճակը կրիտիկական է, խոստովանում է Ռուսաստանի ԿԲ-ն

1038571284Առաջիկա օրերին իրավիճակը Ռուսաստանում համեմատելի կլինի 2008թ. ամենածանր շրջանի հետ. այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Շվեցովը, հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» թերթը։ «Իրավիճակը կրիտիկական է։ Այն, ինչ կատարվում է, մեկ տարի առաջ մենք չէին կարող պատկերացնել անգամ սարսափելի երազում»,- ասել է նա։

Ռուսական ռուբլին դեկտեմբերի 16-ին գրանցել է արժեզրկման հերթական ռեկորդները. ժամը 12։30-ի դրությամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել է 82.23 ռուբլու, ապա սկսել իջնել, իսկ եվրոն ժամը 15։00-ի սահմաններում հատել է 100 ռուբլու հոգեբանական շեմը։

Ռուսաստանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան հիմնական տոկոսադրույքը 10.5%-ից բարձրացրել էր 17%-ի՝ ռուբլու արժեզրկման հերթական ռեկորդից հետո: Դեկտեմբերի 15-ին ռուբլին մեկ օրում արժեզրկվել էր ավելի քան 8%-ով։ Առևտրաշրջանի փակմանը դոլարի փոխարժեքը կազմել է 64.4 ռուբլի, եվրոյինը՝ 78,8 ռուբլի։

Շվեցովը, մեկնաբանելով տոկոսադրույքը բարձրացնելու ԿԲ-ի որոշումը, ասել է, որ ԿԲ տնօրենների խորհուրդը ընտրություն է կատարել «վատի և շատ վատի միջև»։ Նա ասել է, որ բնականաբար այդ որոշմամբ չեն ավարտվում ԿԲ-ի գործողությունները․ «Ես կարծում եմ, որ այդ որոշմանը կհետևեն այլ միոջոցառումներ, որոնք ուղղված կլինեն կայունացնելու իրավիճակը, որի մեջ մենք ընկնում ենք սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքների բերումով»։

Արտակարգ խորհրդակցություն Մեդվեդևի մոտ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ֆինանսական վիճակի հետ կապված շտապ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ՌԴ նախագահի խորհրդական Անդրեյ Բելոուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան և ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Ակիմովը։

Քննարկումից հետո տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը լրագրողներին ասել է, որ կառավարությունը ԿԲ-ի հետ համատեղ քննարկել է չափազանց բարդ իրավիճակը, որ ստեղծվել է փոխարժեքի ներքին շուկայում, և նախանշել են կայունացմանն ուղղված գործողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իրավիճակը շատ բարդ է, մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը, որ անցնում ենք նման հանգամանքների միջով: Եվ այստեղ շատ կարևոր է ապահովել Կենտրոնական բանկի և կառավարության գործողությունների միասնությունը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իրենց գործողություններն ուղղված են լինելու պահանջարկի և առաջարկի միջև ավելի մեծ հավասարակշռության ստեղծմանը՝ առևտրային բանկերին արտարժութային իրացվելիությամբ ապահովելու միջոցով, ինչպես նաև վերաֆինանսավորման շեշտադրումները ռուբլայինից արտարժութային վրա դնելով։