Զարմացած եմ. ԵՄ պաշտոնյան՝ Էրդողանի քննադատության մասին

ԵՄ պաշտոնյան ընդամենը մեկ շաբաթ առաջ էր Թուրքիայում: ԵՄ պաշտոնյան ընդամենը մեկ շաբաթ առաջ էր Թուրքիայում:

Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԵՄ-ի հասցեին քննադատությանը:

Ստամբուլի ոստիկանությունը դեկտեմբերի 14-ին ձերբակալել է մոտ 30 հոգու՝ Թուրքիայի մեդիա ոլորտի ազդեցիկ մի շարք անձանց, որոնց թվում՝ երկրում ամենամեծ տպաքանակն ունեցող օրաթերթերից Zaman-ի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին: Թուրքական մամուլի դեմ այս հարվածը քննադատել են ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Առաջիններից օպերացիային արձագանքել է ԵՄ-ն՝ ի դեմս Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի, որոնք իրենց համատեղ հայտարարության մեջ ասել են, որ Թուրքիա իրենց այցից ընդամենը մի քանի օր անց տեղի ունեցած այս օպերացիան «հակասում է եվրոպական արժեքներին ու չափորոշիչներին»:

ԵՄ-ի հայտարարությունը դուր չի եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Ոչ ոք իրավունք չունի միջամտելու Թուրքիայի անվտանգության ուժերի ձեռնարկած գործողություններին: ԵՄ-ն թող զբաղվի իր գործով և իր կարծիքն իրեն պահի», – BBC-ն մեջբերում է Էրդողանին:

«Նրանք գոչում են՝ «մամուլի ազատություն», սակայն օպերացիան դրա հետ կապ չունի… Մեզ չի մտահոգում՝ ինչ կասի ԵՄ-ն: Արդյոք ԵՄ-ն մեզ կընդունի՞, թե՞ ոչ որպես անդամ, մեզ դա չի հետաքրքրում», – ըստ Today’s Zaman-ի՝ ասել է Էրդողանը:

«Լսել եմ նախագահ Էրդողանի արձագանքը և շատ զարմացած եմ»,- Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ այսպես է մեկնաբանել Ֆեդերիկա Մոգերինին Էրդողանի հայտարարությունը: ԵՄ պաշտոնյայի զարմանքը թերևս պայմանավորված է նրանով, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ ԵՄ բարձրաստիճան պատվիրակությունը՝ Մոգերինիի գլխավորությամբ, Թուրքիայում էր, որտեղ Բարձր ներկայացուցչի խոսքով՝ շատ կառուցողական բանակացություններ են ընթացել թուրքական կողմի հետ:

Մեկնաբանել