Խորհուրդներ՝ հակառակ ուղղությամբ․ Շահան Գանտահարյան

Shahan-Kandaharian21Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Խորհուրդներ՝ հակառակ ուղղությամբ» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան պիտի շատանան Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի հայտարարությունները: Եվ այս առումով, երևույթը պետք է ընկալել օրինաչափ. ի վերջո ճիշտ չեն այն պնդումները, որ Մահչուպյանի նշանակման մեջ դեր չի ունեցել նրա հայազգի լինելը և թե Մահչուպյանն ընդհանրապես թուրքական հրատապ հարցերի նկատառումով է, որ նշանակվել է վարչապետի խորհրդական:

Անկարայի համար երևույթը ինքնին ենթակա է լիարժեք շահարկման. միջազգային ընտանիքին ցույց տալ, որ ազգային փոքրամասնությունները հարգվում են աշխարհիկ կարգերով ղեկավարվող կառավարման համակարգի կողմից: Իր խորքում Մահչուպյանի առաքելությունը կապվում է ուղղակիորեն հայկական գործոնի հետ և ավելի մասնակի` 100-ամյակի հետ առնչված Անկարայի ձեռնարկած գործողություններին:

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի սահմանի բացման պայմանականության մասին խոսելով՝ Դավութողլուի խորհրդականը պարզապես վերաբանաձևել է Անկարայի նախապայմանային քաղաքականությունը: Բեկումնային այլ հայտարարություն ակնկալելը քաղաքականորեն կարող է մեկնաբանվել պարզամտությամբ:

100-ամյակին ընդառաջ հայկական ծայրահեղականության աճի մասին նախատեսություն անելով՝ Մահչուպյանը` իբրև Թուրքիայի պետական գործիչ հայկական կողմի վրա է բարդում փոխզիջումներով լուծման չհանգելու պատասխանատվությունը:

Այս հայտարարությունները Անկարայի դասական տեսակետներին համահունչ և գուցե նաև ակնկալելի կեցվածքներ են: Հայկական կողմը քաղաքական, հասարակական, թե լրագրական մակարդակներով աղմուկ բարձրացնելու տենդին չլծվելու հարկադրանքի առջև է: Սա տակավին սկիզբն է և նախանշել է որոշ վարքագիծ 100-ամյակի հետ կապված թուրքական քարոզչաքաղաքական գործողություններին։

Այս վարքագծին առընթեր, այսինքն պաշտոնական կեցվածքների հայտարարությունների կողքին, սպասվում են այլ քայլեր: Հաշտեցման միտող սեմինարներ, նման խորհրդաժողովների համար հատկացվելիք դրամաշնորհներ, «Թուրքիա հրամմեցեք»-ի տարբեր հրավերներ, արվեստի և մշակույթի համատեղ ելույթներ, ձեռնարկներ և նմանատիպ նախաձեռնություններ:

Սահմանը փակ պահելով՝ ժողովուրդների բարեկամության, հաշտեցման, «Անատոլու հանրային մշակույթ»-ի ներկայացման հատկացված երեկոների կազմակերպում և Թուրքիայի կերպարի դրական կարծրատիպերի ստեղծման փորձերը հետևողական, աշխույժ և անընդմեջ պիտի շարունակվեն Թուրքիայում, թե այլուր:

Հրավեր ստացող հայկական կողմը կա՛մ մերժելու և՛ կամ էլ այս բոլորը իմանալով ընդառաջելու և այնտեղ կարելիի սահմաններում հարցերը արծարծելու ընտրանքի առջև է: Ավելի՛ն. Թուրքիայի քաղաքացիություն վերականգնելու առիթներ, պապենական կալվածքների վերատիրանալու կամ դրանց փոխհատուցումը ստանալու իրավական ճանապարհներ անցնելու ցուցմունքները հետզհետե շոշափելի կերպարանք պիտի ստանան:

Մահչուպյանը թե՛ պիտի հայտարարի հայ-թուրքական հարաբերությունների պայմանական և փաթեթային լինելը` հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ. այսինքն սահմանը փակ է, մինչև այն ժամանակ, որ իբրև առաջին նախապայման` հայկական զորքերը չեն հեռացել Արցախից: Թե՛ հայ-թուրք ժողովուրդների հաշտեցման միտող այլ ձեռնարկներ պիտի թելադրի, կազմակերպել տա, ուղերձներ հղի: Միաժամանակ մեղադրի 100-ամյակի առիթով հայկական զարգացող ծայրահեղականությունը:

Այս բոլորը վարչապետի ծրագրերն են, նախապես հայտարարված այս կամ այն ձևով: Մահչուպյանը խորհրդական է անպիսի մի երկրի վարչապետի, որտեղ խորհրդականները փոխանակ խորհուրդ տալու, իրականացնում են վարչապետի տված ցուցմունքները, պատվերները: Նաև խորհուրդները՝ հայկական հարցերի առնչությամբ:

Մեկնաբանել