ԱԺ-ն ընդունել է վերջին բռնարարքները դատապարտող հայտարարություն

MHM87440Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստին 71 կողմ, 1 դեմ եւ 0 ձեռնպահ ձայնով ընդունել է վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն: Ինչպես հաղորդում են խորհդարանի մամուլի ծառայությունից, հայտարարության հեղինակները Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը և Հայաստանի հանրապետական կուսակացության խմբակցության պատգամավոր Վահրաման Բաղդասարյանն են:

Հայտարարությունը ստորև.

Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.

  1. Անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ,
  2. Դատապարտում է վերջին օրերին առանձին պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքն ու հրապարակային արտահայտությունները,
  3. Դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն,
  4. Առանձնահատուկ կարևորում է հասարակական-քաղաքական գործընթացներում զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը,
  5. Վերահաստատում է Ազգային ժողովի բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն եւ բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում:

Ազգային ժողովը իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները եւ բացահայտել հասարակական գործիչների, ազատամարտիկների, պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնարարքների հեղինակներին եւ պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ:

Դեկտեմբերի 16-ին ավելի վաղ Ոչ իշխանական չորս ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը փակ նիստ էին անցկացրել: Նիստի ավարտից հետո նրանք ներկայացրել են իրենց համատեղ հայտարությունը, որով ևս դատապատում են վերջին օրերին տեղի ունեցած բռնարարքները և իրավապահներից պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել հանցագործությունների բացահայտաման ուղղությամբ:

Բռնությունները դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը:

Ակնարկ

Դեկտեմբերի 15-ին Աժ արտահերթ նիստի սկզբին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդես էր եկել առաջարկով՝ ընդհատել նիստը և հրավիրել նոր արտահերթ նիստ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ «Ժառանգություն» և ՕԵԿ խմբակցությունները միացել էին ԲՀԿ-ի առաջարկին։

Նրանց հաջողվել էր հավաքել բավարար քանակությամբ ստորագրություն՝ արտահերթ նոր նիստի գումարման համար, սակայն ավելի ուշ նիստը չկայացավ՝ բավարար քվորումի բացակայության պատճառով:

Դեկտեմբերի 8-ին ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Դեկտեմբերի 10-ին դիմակավորված անձինք ծեծի էին ենթարկել ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սուրեն Սարգսյանին: Նա գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեկտեմբերի 11-ին հարձակման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հաջորդ օրը՝ ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

Մանուկայնի գործով կասկածյալ 1973թ. ծնված Արշակ Սվազյանը, որը բերման էր ենթարկվել դեկտեմբերի 14-ին, դեկտեմբերի 15-ին չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել:

Մեկնաբանել