Ներկայացվել են հայ գերու նկատմամբ ադրբեջանական բռնությունները

img_1879518255_2Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Ինչպես հաղորդում են օմբուդսմենի մամուլի ծառայությունից, Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և օմբուդսմենին տրամադրվել է պաշտպանության նախարարության կողմից:

Ցուցադրությանը ներկա են եղել մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ և ՄԱԿ):

Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանն իր խորին մտահոգությունն է հայտնել Հակոբ Ինջիղուլյանի և առհասարակ բոլոր հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների իրավունքների հարցեր:

Հակոբ Ինջիղուլյանը 2013թ. օգոստոսին ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Մեկ տարի անց՝ 2014թ. օգոստոսին, նա տեղափոխվել էր երրորդ երկիր, ապա հայրենադարձմանը օգնել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Նա հայրենադարձվել էր հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը: Ինջիղուլյանը վերադարձել է զինվորական ծառայության: ՍիվիլՆեթի հարցազրույցը նրա հետ՝ այստեղ:

Մեկնաբանել