Շվեյցարիան դեմ է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Ժնևի Արիանա զբոսայգի Ժնևի Արիանա զբոսայգի

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հանձնարարական է տվել Ժնևում չտեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

Ինչպես հաղորդում է շվեյցարական Հանրային ռադիոն, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալթերը [նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահ – ՍիվիլՆեթ] դիմել է Ժնևի կանտոնին և առաջարկել հրաժարվել Ժնևի Արիանա զբոսայգում [ՄԱԿ-ի շենքի հարակից տարածքում – ՍիվիլՆեթ] Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման նախագծից:

Սա վերջին զարգացումն է հուշարձանի տեղադրման հետ կապված երկարատև պատմության մեջ, որը սկսվել է 2008թ.: Սկզբնապես նախատեսվում էր հուշարձանը տեղադրել Ժնևի Հին քաղաքում, ապա այն պետք է տեղափոխվեր զբոսայգի, ինչը կրկին կարող էր փոփոխության ենթարկվել:

Անկողմնակալություն պահպանել. ՄԱԿ

Նոյեմբերի վերջին Ժնևի կանտոնի նախարարներ Ֆրանսուա Լոնգչեմփի և Անտոնիո Հոջերսի ու Բուրքհալթերի միջև հանդիպումից հետո Ժնևին նամակ է հղվել, որում ասվում էր, որ համապատասխան կանտոնի իշխանությունները «հրաժարվում են նախատեսված վայրում շինարարության թույլտվություն տրամադրել»: Ըստ Շվեյցարիայի Հանրային ռադիոյի՝ որոշման նպատակն է «պահպանել անկողմնակալ և խաղաղ միջավայր, որը թույլ կտա Միացյալ Ազգերի Կազմակերպությանն ու միջազգային մյուս կազմակերպություններին կատարել իրենց գործառույթները հնարավորին բարենպաստ աշխատանքային պայմաններում»:

Հուշարձանի տեղադրման հետ կապված վերջին դեպքերը շտապել է մեկնաբանել Anadolu թուրքական պետական գործակալությունը, որի հետ զրույցում Շվեյցարիայի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ «Համադաշնության իշխանությունների համար կարևոր է պահպանել բացարձակ անկողմնակալությունը մի քաղաքում [Ժնև], որտեղ տեղակայված է ՄԱԿ-ի շենքը»:

Նոր տարա՞ծք

Ժնևի քաղաքային իշխանություններն, այդուհանդերձ, ցանկանում են տեղադրել հուշարձանը Արիանա զբոսայգում, սակայն ասում են, որ այլ տարածքներ նույնպես հաշվի կառնվեն, եթե կանտոնը չտրամադրի համապատասխան թույլտվությունը:

Հուշարձանի տեղադրման կողմնակիցները քննադատել են վերջին զարգացումները: Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահներից մեկը՝ Ուելի Լեուենբերգերը, շվեյցարական Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է, որ «իր երկիրը տեղի է տվել Թուրքիայի իշխանությունների ճնշմանը»:

Իսկ այդպիսի ճնշում կա: Դեռ 2013թ. հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Դիդիե Բուրկհալթերի հետ կայացած հանդիպման ժամանակ «իր մտահոգությունն էր հայտնել հուշարձանի տեղադրման առթիվ»:

2013թ. ամռանը ՄԱԿ-ը հայտնել էր ժնևյան կենտրոնակայանի հարակից տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման հարցում իր բացասական դիրքորոշման մասին: ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել էին, որ հուշարձանը կարող է սխալ ընկալումների պատճառ դառնալ, քանի որ կազմակերպությունը 1915թ. դեպքերը չի ճանաչել որպես ցեղասպանություն:

Շվեյցարիայի Ներկայացուցիչների պալատը 2003թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն նույնը չեն արել Սենատն ու երկրի կառավարությունը:

Memorial Ohanian2Ֆրանսահայ նկարիչ Մելիք Օհանյանի նախագծած ութ-մետրանոց բրոնզե հուշարձանը տեղադրելու որոշումը կայացվել էր 2011թ.: Հուշարձանը կոչվում է «Հիշողության լապտերներ». մտահղացումն այն է, որ անվանման մեջ բացակայի «ցեղասպանություն» եզրը:

Հիշատակը «տարածք է փնտրում»

«Հուշարձանը Ժնևի քաղաքապետարանի և մեր համայնքի («Հիշողության լապտերների» ասոցիացիա) համատեղ նախագիծն է: Դա արվեստի մի գեղեցիկ նմուշ է, որը հնարավոր է՝ Ժնև հասնելուց առաջ ցուցադրվի Վենետիկի 2015թ. բիենալեում: Այժմ հուշարձանը տարածք է փնտրում, ապահով վայր՝ արտացոլելով նահատակված ժողովրդի հիշատակը»,- հուշարձանի մասին ասել է լրագրող, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չեթերյանը:

Հուշարձանի տեղադրման և Թուրքիայի ճնշման մասին ավելին՝

Հարցազրույց Ժնևի քաղաքապետարանի ներկայացուցիչ Միշել Ֆրայբուրգհաուսի հետ:

«Շվեյցարիան Ցեղասպանության հուշարձանի հարցում լսեց Թուրքիային»:

Մեկնաբանել