Հայաստանի տնտեսությունը կարող է կլանել ցնցումները. ԱՄՀ ներկայացուցիչ

Դրամը, ռուսական ռուբլուն համընթաց, ամեն օր արժեզրկման ռեկորդներ է սահմանում: Այսօր փոխանակման կետերում և բանկերում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է մինչև 585-ի (վաճառքը՝ ըստ rates.am-ի): Դոլարի նկատմամբ ռուբլին դեկտեմբերի 16-ին արժեզրկվել էր մինչև 82 ռուբլի/1 դոլար սահմանագիծը:

Դեկտեմբերի 17-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Թերեզա Դաբան Սանչեսը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում բաց դասախոսություն կարդաց՝ «Դրամի փոխարժեքի տատանումը և դրա ազդեցությունը երկրի տնտեսության վրա» թեմայով

Սանչեսը դրամի արժեզրկումը պայմանավորում է Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների կրճատումով, որոնք հետևանքն են ռուբլու արժեզրկման:

Նա նկատեց, որ դրամին զուգահեռ արժեզրկվում է վրացական լարին, քանի որ Վրաստանի տնտեսությունը ևս մեծ կախում ունի Ռուսաստանից եկող մասնավոր դրամական փոխանցումներից։

ԱՄՀ ներկայացուցիչը դրամի արժեզրկման դրական կողմերից սկսեց՝ արտահանող ընկերությունների մրցունակության բարձրացում, դրսից եկող գումարներով ապրող ընտանիքների գնողունակության ավելացում։ Ներմուծվող ապրանքների թանկացումը, ըստ նրա, ինչ-որ առումով կարող է խթանել հայկական ապրանքների սպառումը։ Բայցևայնպես, Սանչեսի համոզմամբ, երբեմն այդ ներմուծման փոխարինումը դժվար է, սահմանափակ: «Եթե փոխարժեքի ճշգրտում տեղի չունենա, ապա ներքին շատ արտադրողներ խնդիրների առաջ կկանգնեն»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմնական ռիսկն այն է, որ ճշգրտումները տեղի ունենալիս հնարավոր են որոշակի վայրիվերումներ։

Սանչեսը, նշելով, որ դրամի արժեզրկումը ազդում է ներմուծվող ապրանքների թանկացմանը, ասաց, որ նոյեմբերին գնաճը համեմատավար ցածր է եղել՝ 2.6 տոկոս, և տնտեսությունն ընդհանուր լավ վիճակում է, որպեսզի կարողանա կլանել ցնցումները։

ԱՄՀ ներկայացուցիչը նպաստավոր է համարում նաև Հայաստանի ֆիսկալ իրավիճակը: «2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ Հայաստանում բյուջեի պակասուրդի ցուցանիշը կտրուկ աճեց՝ մինչև ՀՆԱ-ի շուրջ 8 տոկոսի չափ: Դա ճիշտ քաղաքականություն էր, որովհետև տնտեսական անկման ժամանակ բյուջետային ծախսերը ավելացնելը ճիշտ է: Դրանից հետո տեղի ունեցավ հարկաբյուջետային լուրջ կոնսոլիդացում: Հիմա տեսնում ենք, որ բյուջեում կան որոշակի հնարավորություններ՝ տնտեսությանն աջակցելու համար»,- ասաց նա:

Հայաստանը ունի գործիքներ

Սանչեսի խոսքով՝ քանի որ տնտեսական աճի մակարդակը 3 տոկոսից ցածր է, և դրամի արժեզրկման հետևանքով սոցիալական խոցելի խմբերն ավելանում են,  բայց Հայաստանն այս իրավիճակում բացի բյուջեից այլ գործիքներ ևս ունի. «Դրանց մի մասը արդեն իսկ կիրառվել կամ կիրառվում է Կենտրոնական բանկի կողմից: Խոսքը վերաբերում է միջազգային պահուստներին։ Այդ միջազգային պահուստների օգտագործման միջոցով կատարվել են միջամտություններ շուկայում, որպեսզի թույլ չտրվեն կտրուկ տատանումներ, ինչը նաև կօգնի, որպեսզի շուկայի մասնակիցները կարողանան որոշել կամ գտնել նոր փոխարժեք»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանից ռուբլու արժեզրկման մասին անընդհատ եկող տեղեկությունների ֆոնին շուկայի մասնակիցներին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողանան գնահատել նոր իրավիճակը. «Հատկապես այն դեպքում, երբ գործ ունենք այնպիսի փոքր շուկայի հետ, ինչպիսին Հայաստանն է, այդ ճշգրտման գործընթացը մի փոքր ավելի ժամանակ է պահանջում, քան ավելի խոշոր շուկաներում»:

Գործիքների մյուս խումբը, որը Հայաստանն ունի, ըստ Սանչեսի, բանկային համակարգի նկատմամբ վերահսկողությունն է, ինչը ԱՄՀ-ն անվանում է մակրոպոտենցիալ. «Հաշվի առնելով այն հանագամանքը, որ Հայաստանի համար շատ ռիսկային է փոխարժեքի ցնցումը, և տնտեսությունը խիստ դոլարայնացված է, ԿԲ-ն խիստ պահանջներ է սահմանում բանկերի նկատմամբ, որպեսզի բանկային համակարգը կարողանա դիմագրավել ցնցումներին: Մի շարք այդպիսի պահանջներ կան. դրանցից մեկը կապիտալի հարաբերակցության ցուցանիշն է. Հայաստանում օրենքով սահմանված կարգով այն պետք է լինի 12 տոկոս մակարդակից ոչ ցածր: Դա պահանջում է, որպեսզի բանկերը իրենց հաշվեկշռում ունենան բավականին մեծ չափի կապիտալ, որն էլ կօժանդակի նրանց գործունեության իրականացմանը: Եթե ընդհանրապես աշխարհում այդ ցուցանիշը միջինը 8 տոկոս է, Հայաստանում այն 12 տոկոս է»:

Սանչեսը նշեց, որ որոշ բանկեր շատ ավելի պահպանողական են, և նրանց մոտ կապիտալի համարժեքության ցուցանիշը մինչև 16 տոկոսի է հասնում, և այդ կապիտալը բուֆերի դեր է կատարում, որպեսզի ցնցումների առաջացման դեպքում բանկերը կարողանան կլանել ռիսկերը. «Ճիշտ այն ձևով, ինչպես ԿԲ-ն պետք է ունենա պահուստների բարձր մակարդակ, այնպես էլ բանկերը պիտի բարձր կապիտալ ունենան»:

Բանկային համակարգի գործիքների թվում ԱՄՀ ներկայացուցիչը նշեց նաև բանկերի համար սահմանված բարձր իրացվելիության պահանջները:

Ինչ պետք է անել  

Թերեզա Դաբան Սանչեսը նշեց այն քայլերը, որոնք կարող են օգնել ստեղվծած իրավիճակից դուրս գալուն։ Առաջինը իշխանությունները՝ ԿԲ-ն, կառավարությունը և խորհրդարանը, պետք է աշխատեն պահպանել տնտեսական և ֆինանսական կայունությունը, ինչը, ըստ նրա, շատ դժվար է: «Ինչպե՞ս պետք է արվի: Մի կողմից ԿԲ-ն օգտագործում է դրամավարկային գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս, որ շուկաները կարողանան որոշել կամ գտնել փոխարժեքի նոր գինը: Մյուս կողմից կա պետական բյուջե, որը ևս կարող է աջակցել, որպեսզի մեղմվեն այն բացասական ազդեցությունները, որ փոխարժեքը ունենում է մարդկանց վրա»:

Մյուս կարևոր հանգամանքը, ըստ Սանչեսի, գնաճի վրա ուշադրություն դարձնելն է: Մի շարք ապրանքներ՝ պայմանավորված նավթի գների անկմամբ, էժանանում են: Ինչպես հայտնի է, նավթի գինը ամենակարևոր ապրանքի գինն է շուկաներում, և նավթի գների անկումը հանգեցնում է այլ գների նվազման. «Կառավարությունը պետք է փորձի այնպես անել, որպեսզի այդ գնանկումը ինչ-որ կերպ Հայաստան գա»:

Սանչեսը իրավիճակից դուրս գալու գործում կարևորեց հաջորդ տարվա բյուջեի 100-տոկոսանոց կատարումը և խոշոր կապիտալ ծրագրերի իրականացումը, որոնք ըստ նրա՝ նախկինում թերակատարվել են։

Տնտեսության կայունացմանը զուգահեռ Հայաստանը պետք է նորից բուֆերներ ստեղծի, ինչի համար կարող է օգտվել միջազգային աջակցությունից, օրինակ՝ ԱՄՀ-ից և ՀԲ-ից: «Սակայն դրա համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը շարունակի կառուցվածքային բարեփոխումները, որոնք ընդգրկում են բավականին լայն ոլորտ: Շատ կարևոր է շարունակել բարեփոխումները, որոնց արդյունքում գործարար միջավայրը ավելի նպաստավոր կդառնա»,- ասաց Սանչեսը՝ հավելելով, որ դա ենթադրում է հարկային և մաքսային վարչարարության բարելավում, ստուգումների ոլորտում աշխատանք և այլն: Նա կարևորեց նաև երկրի էներգետիկ արդյունավետության բարձրացումը և այդ ուղղությամբ ռազմավարության մշակումը, բաց երկնքի քաղաքականության շարունակումը:

Սյուզաննա Հովհաննիսյան