Տուժող կողմը ավելի քան 12 մլն դրամ փոխհատուցում է պահանջում Վարդան Պետրոսյանից

MHM89403Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ներկայում ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը։

Ի սկզբանե նախատեսված էր, որ պետք է մեղադրական ճառով հանդես գա դատախազ Արթուր Սարգսյանը, սակայն տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդությամբ գործի դատաքննությունը վերսկսվեց, և տուժող կողմը Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացրեց քաղաքացիական հայց՝ վթարի հետևանքով տուժողներին պատճառված վնասի հատուցման համար։

Տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման, ինչպես նաև առողջության վերջնական վերականգնման, նաև երկու տարվա ընթացքում նրա տրանսպորտային միջոցների ծախսի հատուցման ու փաստաբանական ծառայությունների համար տուժող կողմը միջնորդեց 10 մլն 165 հազ․ 213 դրամ բռնագանձել Վարդան Պետրոսյանից, հօգուտ տուժողի իրավահաջորդներ Նաիրա Հայրապետյանի և Աննա Կարապետյանի՝ բռնագանձել 400 հազարական դրամ՝ մատուցված փաստաբանական ծառայությունների համար, տուժող Արթուր Հակոբյանի բուժման և նրան մատուցված փաստաբանական ծառայությունների համար՝ 1 մլն 145 հազ․ 800 դրամ, տուժողներ Հայկ Հակոբյանի և Էմմա Հակոբյանի օգտին՝ 250 հազարական դրամ՝ մատուցված փաստաբանական ծառայությունների համար։

Տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանը, որը ներկա էր դահլիճում, ասաց, որ այս հարցը թողնում է Վարդան Պետրոսյանի խղճին։

Արձագանքելով Նաիրա Հայրապետյանին՝ Վարդան Պետրոսյանն ասաց․ «Ի՞նչ գումարների մասին է խոսքը։ Ես պատրաստ եմ կյանքս տալ Տաթևիկի առողջության համար։ Դուք մոռացել էիք, որ իմ ընտանիքը փորձում էր զբաղվել այդ հարցով դեռ փետրվարից»։ Դերասանը ասաց նաև, որ իր քույրն էլ բազմիցս փորձել է զբաղվել Տաթևիկի բուժմամբ։

Վարդան Պոտրոսյանը նշեց, որ «իր ձեռքերն այժմ կապված են, քանի որ ինքը հիմա բանտում է, և իր ընտանիքը սուղ վիճակում է»։ Նա հավելեց, որ այս հարցին վերջնական կանդրադառնա իր վերջին խոսքում։

Այս պահին դատավոր Վաղինակ Մկրտչյանը հայտարարել է 15 րոպե ընդմիջում։ Վարդան Պետրոսյանը պաշտպանների հետ քննարկում է քաղաքացիական հայցը։

Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում: