Մեր պապերը մասնակցել են հայերի ջարդերին. քուրդ քաղաքապետ

Ahmet Turk2Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդին քաղաքի քաղաքապետ Ահմեթ Թյուրքը իր ցավն է արտահայտել այն կապակցությամբ, որ քրդական որոշ ցեղեր մասնակցել են 1915թ. Հայոց ցեղասպանությանը:

Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կոնֆերանսի ժամանակ Թուրքիայում հայտնի քուրդ գործիչը ներողություն է խնդրել ասորիներից, հայերից և եզդիներից:

«Ասորիները, հայերն ու եզդիները Քրդստանի իրական տերերն են: Քրդստանը որքան քրդերի, այնքան էլ նրանց հողն է: 1911թ. «Միություն և առաջադիմություն» կուսակցության երեք առաջնորդները ճակատագրական որոշում ընդունեցին` ոչ մուսուլմանների թիվը նվազեցնելու, ալևիներին սուննի դարձնելու, քրդերին` ձուլելու վերաբերյալ: Ընդունված որոշումը կիրառվեց Թուրքիայի Հանրապետության պատմության ողջ ընթացքում, և այդ միտումը շարունակվում է մինչև օրս:

1914-1915թ. պետության վերոնշյալ որոշումը իրականացնելու ժամանակ, ցավոք, քուրդ ժողովուրդը իսլամի անվան տակ օգտագործվեց որպես պարզ գործիք: Մեր պապերի, հայրերի իրագործած կոտորածների ցավն այսօր մենք ենք ապրում` որպես նրանց թոռներ ու որդիներ: Երբեք ու երբեք չենք մոռանա մեր եղբայրական ժողովուրդների ցավը: Այն երբեք չպետք է մոռանալ: Ուզում ենք, որ ասորի և հայ ժողովուրդները և մեր եզդի եղբայրները ներեն մեզ»,- հայտարարել է Թյուրքը:

Քուրդ հեղինակավոր գործչի խոսքով՝ 30 տարի շարունակ ընթացող քրդական ազատագրական պայքարը միայն քրդերինը չէ, այլ Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդներինը:

Ահմեթ Թյուրքը նախկինում նույնպես ներողություն էր խնդրել հայերից, ասորիներից ու եզդիներից: Մասնավորապես, 2013թ. խոսելով հայերի ու ասորիների ցեղասպանության իրականացման գործում քրդերի դերակատարության մասին՝ նա հայտարարել էր. «Քրդերը դրանում իրենց բաժինն ունեն: Մեր պապերը այս ժողովուրդների դեմ բռնություններ են [թուրքերեն՝ «զուլում» – ՍիվիլՆեթ] գործել: Մենք՝ որպես նրանց թոռներ, ներողություն ենք խնդրում: Կարևոր է, որ այդ ներողությունն ընդունվի»:

Մեկնաբանել