Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողները պատժվելու են․ ԿԲ նախագահ

MHM58556«Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողները պատժվելու են, չկասկածեք: Գնաճը վերահսկվում է գրագետ և հստակ քայլերով: Գնային չարաշահումները նույնպես վերահսկվում են». այսպիսի հայտարարություն է արել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին։ «Օգտվելով իրավիճակից՝ որոշ բիզնեսվարողներ հնարավոր է՝ արհեստականորեն բարձրացնեն որոշ ապրանքների գները կամ անգամ գնանշումը անեն արտարժույթով։ Դա օրենսդրության խիստ խախտում է: Հայաստանում դրամական գնանշումները արգելված է կատարել արտարժույթով: Հայաստանում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման, աշխատավարձի վճարման գնանշումները պետք է իրականացվեն դրամով (ըստ «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» ՀՀ օրենքի): Սա նշանակում է, որ երբ դուք ցանկանում եք գնել ապրանք կամ օգտվել որևէ ծառայությունից, ապա ձեզ ապրանք վաճառողը կամ ծառայություն մատուցողը իրավունք չունի պահանջել, որ դուք վճարում կատարեք արտարժույթով (դոլարով կամ եվրոյով)»,- ասել է նա՝ հորդորելով նման չարաշահումներ բացահայտելու դեպքում դիմել պատկան մարմիններին։

ԿԲ նախագահը նշել է, որ Հայաստանի բանկային համակարգը կայուն է, բանկերը վճարունակ են և կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ հանրության բանկային հաշիվները և ավանդները: «Կենտրոնական բանկը սահմանափակում չի դրել և ոչ մի դեպքում չի դնելու բանկերի վրա՝ հաշիվների և ավանդների սպասարկման կամ այլ ծառայությունների գծով: ԿԲ-ն խստորեն և հետևողականորեն է վերաբերվում այդ հարցին, և այն դեպքում, եթե բացահայտվի, որ բանկերը իրականացնում են որևէ սպեկուլյատիվ գործողություն, այդ թվում՝ հրաժարվում են սպասարկել հաշիվները և ավանդները, կենթարկվեն խստագույն պատասխանատվության»,- ասել է նա:

Ջավադյանի խոսքով՝ դոլարի ներկա գերարժևորման հիմնական պատճառը խուճապային իրավիճակն ու որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյացիների իրականացումն է։

Նա ասել է, որ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառները վերանալուց հետո: «Ներկայում դրամը գերարժեզրկված է և սպեկուլյացիոն և անհարկի խուճապային իրավիճակը վերանալուց հետո դրամը զգալիորեն կարժևորվի»,- ասել է Ջավադյանը։

ԿԲ նախագահը քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ անհարկի փոխարկումներից, քանի որ դրանք փոխարժեքի կայունացման ժամանակ կարող են բերել էական կորուստների։ Նա նաև հորդորել է ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանման վրա գումար աշխատելու գայթակղությունից։

«Կենտրոնական բանկը բազմիցս նշել է և մեկ անգամ ևս հայտարարում է, որ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, և անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն ունի հնարավորություն՝ տրամադրելու անհրաժեշտ ծավալի իրացվելիություն: Նման խուճապով փոխարկումները պարզապես անիմաստ են»,- ասել է Ջավադյանը:

Նրա խոսքով՝ ԿԲ-ն իրավիճակը վերահսկելի է պահում․ «Մենք վստահ ենք, որ տիրապետում ենք գնաճի զսպման բոլոր հնարավորություններին և մեր գերնպատակը մնում է գների կայունությունը: Գնաճի կարճաժամկետ սպասումների կայունացման և դոլարայնացումը զսպելու համար Կենտրոնական բանկը դեռևս երկու շաբաթ առաջ արդեն իսկ բարձրացրել է կարճաժամկետ (մեկ օրով տրամադրվող) լոմբարդային վարկերի տոկոսադրույքը մինչև 21 տոկոս: Սա կարճաժամկետ բարձրացում է և հնարավոր է նաև արագ նվազեցնել: Բոլոր հանգամանքները հաշվի առնելուց հետո ԿԲ Խորհուրդը իր որոշումը կկայացնի տոկոսադրույքների մակարդակի և գնաճը իր նպատակին վերադարձնելու արագության և ժամանակի մասին»:

Մեկնաբանել