Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը Երևանում գրասենյակ է բացել

Serzh-SpiridonԴեկտեմբերի 17-ին Երևանում բացվել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը: Այն տարածաշրջանում առաջինը և միակն է:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանն այսօր՝ ավելի ուշ, ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու կազմակերպության երևանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը:

Սերժ Սարգսյանը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երևանյան մասնաճյուղի բացումը կարևոր իրադարձություն է համարել՝ ընդգծելով, որ այն նաև պարտավորեցնող է, քանի որ Հայաստանում մեծապես գիտակցում են այս ոլորտում առկա խնդիրների լուծման կարևորությունը, դրանց պարբերաբար ուսումնասիրման և վերլուծությունների, ընդհանուր առմամբ, քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը:

Նախագահն ընդգծել է, որ կազմակերպության նպատակները միանգամայն համահունչ են Հայաստանի որդեգրած քաղաքականությանը.Հայաստանը ևս եվրոպական արժեքների տարածման ջատագովն է և անկախացումից ի վեր այդ ուղղությամբ եվրոպական գործընկերների հետ համագործակցելով, բավականաչափ առաջ է ընթացել, չնայած, նախագահի խոսքով, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը մեծապես կարևորվում է:

Սպիրիդոն Ֆլոգաիտիսը Պրոֆեսոր Ֆլոգաիտիսը նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ իրականացվող բարեփոխումների ճանապարհին, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման և մասնագիտական բոլոր այն հարցերում, ինչի կարիքը կունենա Հայաստանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ այս գործընկերությունը կարող է լավ օրինակ ծառայել տարածաշրջանի այլ երկրների և ժողովուրդների համար:

Կազմակերպությանն անդամակցում է 14 երկիր (Հունաստան, Հայաստան, Ֆրանսիա, Իտալիա, Կիպրոս, Ուկրաինա, Վրաստան, Ռումինիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Էստոնիա, Ադրբեջան, Մոլդովա, Ալբանիա):Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 2011-ից: