ԿԲ-ի խոստումները հուսադրող են. Գագիկ Խաչատրյանը՝ դրամի արժեզրկման մասին

Gagik-KhachatryanԴրամի արժեզրկումը տնտեսության վրա մեծ ազդեցություն ունի, այդ իսկ պատճառով համատեղ ուժերով փորձում ենք դուրս գալ իրավիճակից: Հարցը քննարկվում է կառավարությունում ամենօրյա ռեժիմով: Ցավոք սրտի, կառավարությունն այստեղ այդքան գործիքներ չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ դուրս գալով Ազգային ժողովի նիստերի դահլիճից, որտեղ դռնփակ ընթացակարգով քննարկվում է Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակը։

Նիստի անցկացումը նախաձեռնել են ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ ազգային կոնգրես և «Օրինաց երկիր»։ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն ևս կողմ են արտահայտվել արտահերթ նիստի անցկացմանը,սակայն ՀՀԿ-ն պնդել է, որ քննարկումը փակ լինի:

Արդյոք ԿԲ-ն մեղավո՞ր է ստեղծված իրավիճակի համար, Գագիկ Խաչատրյանը պատասխանել է. «Մեղավորի հարցը չի: Դուք տեսեք, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում նման գործառույթներ կա: Խնդիրը այն է, որ մեր երկրում դա շատ արագ տեղի ունեցավ: Կենտրոնական բանկը ներկայում գնահատում է այն պայմանները, որոնցից առաջացել է խնդիրը և հետո պետք է այդ խնդիրների լուծման ճանապարհով կայունացնի վիճակը»:

Ֆինանսների նախարարը նշել է, որ նման դեպքերում ֆինանսների նախարարությունը նման դեպքերում հարկաբյուջետային քաղաքականության վարողն է: «Նման դեպքերում պետք է կոշտ հարկաբյուջետային քաղաքականություն վարել, եկամուտները բարձրացնել և ծախսերը նվազեցնել: Բայց հաշվի առնելով մեր տնտեսության վիճակը՝ մենք ավելի մեղմ, տնտեսությունը աշխուժացնող քաղաքականություն ենք փորձում վարել, և ասեմ, որ ամեն ժամ, ամեն օր նոր խաղի պայմաններ են առաջանում և դրա համար օպերատիվ ձևով Կենտրոնական բանկի հետ կառավարությունում քննարկվում են այն գործիքներն ու միջոցառումները, որոնք կկայունացնեն վիճակը»,- ասաց նա:

Հարցին, թե ինչքա՞ն կշարունակվի այս վիճակը, Գագիկ Խաչատրյանը պատասխանել է, թե դժվար է գնահատել և ասել:

Անդրադառնալով սպեկուլյացիաների խնդրին՝ նա նշել է, որ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ՝ արհեստական պատճառներ, և պետք է տարանջատել ու փակել բոլոր սողանցքները՝ արհեստական եւ սուբյեկտիվ պատճառները, որպեսզի իրավիճակը արագ կայունացվի:

«Ուղղակի արժեզրկումը շատ արագ տեղի ունեցավ, բայց դրանից հետ գալը շատ բարդ պրոցես է, շատ հանգամանքներից է կախված, պետք է հանգիստ հետ բերել»,- ընդգծել է գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ իրավիճակը վերահսկողության տակ է, ԿԲ–ն և Կառավարությունն իրենց գործիքները կկիրառեն, որպեսզի կայունացնեն վիճակը։

Նրա խոսքով՝ հարկերը նվազեցնելու տարբերակը չի քննարկվում. «Ընդհանրապես, ՀՆԱ–հարկեր հարաբերակցության շրջանակներում հարկային, մաքսային մարմինն իր գործառույթով գնում է։ Ես նշեցի, որ մենք հակված չենք կոշտ հարկաբյուջետային քաղաքականության, այլ տնտեսությունն աշխուժացնող մեղմ միջոցներով պետք է կայունացնենք իրավիճակը։ Այս պահին ԿԲ–ն իր լիազորությունների սահմաններում հնարավոր ամեն ինչ անում է, որ իրավիճակը կայունացնի, և նաև խոստումները, որ ԿԲ–ն ներկայացնում է Կառավարությանը, հուսադրող են: Պետք է ԿԲ դրամավարկային քաղաքականությունը լինի հուսադրող երկարատև հատվածի համար: Մենք կարող ենք գործողություններ անել այս վիճակը կայունացնելու, բայց մենք հակված ենք երկարատև լուծում տալ, որ տնտեսվարողները հստակ իմանան՝ դոլոր-դրամ-եվրո հարաբերություններում ինչ է կատարվում: Բարդ վիճակ է, ոչ շահեկան, նաև մասնագետների համար են անորոշությունները շատ»։

Նա չի հերքել, որ և´ ներկրողների, և´ արտահանողների համար ստեղծված իրավիճակում ռիսկեր կան: «ՌԴ-ում տեղի ունեցող դեպքերը ոչ ցանկալի իրավիճակ են ստեղծում արտահնողների համար, իսկ տատանումները միայն մեզ մոտ չեն: Ուշադիր պետք է հետևեք, տեսնեք, որ հիմնական կոմպոնենտը ՌԴ-ում տեղի ունեցող վիճակն է»,- ասել է Գագիկ Խաչատրյանը:

Հարցին՝ արդյոք փոխարժեքի տատանումը համահո՞ւնչ է գնաճին, ֆինանսների նախարարը պատասխանել է. «Դա ԿԲ համար էլ է դժվար գնահատել, մասնագետները փորձում են հասկանալ, միգուցե դրամի գնահատված փոխարժեքը իրականությանը չէր համապատասխանում»:

Մեկնաբանելով բյուջեի հետ կապված ռիսկերը՝ նա նշել է. «Տնտեսական աճի հետ կապված ռիսկեր կան: Դրամի տատանումը բյուջետային եկամուտների որոշակի աճի տեմպ կապահովի սահմանին, իսկ ներքինով, քանի որ հարաբերությունների մատակակարման պայմաններ են փոխվում, խնդիր կա, որոշակի նվազեցում կլինի»:

Մեկնաբանել