ՀԲ-ի, ԱՄՀ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է ֆինանսական շուկայի վիճակը

Gov-IMFՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և հետագա քայլերը: Խորհրդակցության մասնակիցները կարևորել են լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Միաժամանակ՝ կարևոր են համարվել ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողությունները:

Ակնարկ

Դեկտեմբերի 17-ին՝ ավելի վաղ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից:

Նոյեմբերի 24-ին դրամը մեկ օրում արժեզրկվեց 4%-ով՝ 1 դոլարը 415 դրամից դարձավ 435 դրամ։ Հետագա օրերին դրամը շարունակեց արժեզրկվել՝ հասնելով մինչև 1 դոլարի դիմաց 470 դրամ սահմանին։

2009թ. մարտի 3-ին, երբ դրամը մեկ օրում արժեզրկվեց 20%-ով, Կենտրոնական բանկը հայտարարեց լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու մասին, և շուկայում ինտերվենցիաներ իրականացնում էր միայն փոխարժեքի խոշոր տատանումների դեպքում։

Գլխավոր դրամատունը դեկտեմբերի 8-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

Դեկտեմբերի 17-ի առավոտյան դրամ-դոլար փոխարժեքը կազմել է 560դրամ/1դոլար, դրամ-եվրո փոխարժեքը՝ 675դրամ/1 եվրո: