Թուրքիայի ժամանակակից կապիտալի աղբյուրը հայկական և հունական գույքն է

Էգեյան, Սևծովյան և Միջերկրական տարածաշրջաններում գործարանների, արհեստանոցների 95-96 տոկոսը պատկանում էր հույներին ու հայերին: Էգեյան, Սևծովյան և Միջերկրական տարածաշրջաններում գործարանների, արհեստանոցների 95-96 տոկոսը պատկանում էր հույներին ու հայերին:

Jiyan.org կայքում հրապարակվել է սյունակագիր Նեդիմ Քարայելի «Թուրքիայի առկա կապիտալի աղբյուրը բռնագրավված հայկական ու հունական գույքն է» վերնագրով հոդվածը: Հեղինակը Օսմանյան կայսրության ցեղասպանական քաղաքականությունը քննում է Օսմանյան կայսրությունում հայերին ու հույներին պատկանող կապիտալը թուրքացնելու քաղաքականության համատեքստում: Ըստ Քարայելի` Թուրքիայի կառավորղ «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները 1915թ. հայկական գույքը բռնագրավվածների թոռներն են: Համացանցում եղած տեղեկությունների համաձայն` Նեդիմ Քարայելը Տրապիզոնում ապրող իսլամացած հայ է: Հոդվածի թարգմանությունը` ստորև:

1915թ. Օսմանյան կայսրությունում արդյունաբերության ոլորտում վիճակագրություն էր անցկացվել: Պարզվել էր, որ Ստամբուլ քաղաքի, Էգեյան, Սևծովյան և Միջերկրական տարածաշրջաններում գործարանների, արհեստանոցների 95-96 տոկոսը պատկանում էր հույներին ու հայերին: Ուստի կարևոր էր համարվում այդ ամենը դնել թուրք-մուսուլման առևտրականների վերահսկողության տակ, ազգայնացնել օսմանյան տնտեսությունը: Եվ սա այն հիմնական խնդիրն էր, որի շուրջ դոկտոր Բեհայեդդին Շաքիրը, դոկտոր Նազըմը [Հայոց ցեղասպանության գաղափարախոսներ – ՍիվիլՆեթ] և Զիյա Գյոքալփը [պանթյուրքիզմի գաղափարախոս – ՍիվիլՆեթ] մանրակրկիտ պլաններ ու ծրագրեր էին մշակել: Կապիտալի թուրքացումը ընթանում էր երեք փուլով: Առաջինը տեղահանվող քարավանների անվտանգությունն ապահովող խմբերի գործունեությունն էր: Հայտնի է, որ կանայք իրենց մոտ էին պահում փող և զարդեղեն: Տեղահանության ընթացքում ճանապարհի հարմար մի վայրում բռնագրավում էին կանանց փողն ու զարդեղենը, որից հետո սպանում նրանց: Երկրորդ փուլում հափշտակում էին հայերի և հույների տներում մնացած թանկարժեք իրերը: Երրորդ փուլում տիրանում էին տեղահանված հույների և հայերի անշարժ գույքին:

Հայերի հետ կապված ծրագիրը կյանքի կոչվեց Առաջին աշխարհամարտի ընթացքում: Շուրջ մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին ու ցեղասպանության ենթարկվեցին: Հայերին պատկանող ողջ շարժական ու անշարժ գույքը հափշտակվեց: Հայ բնակչությունը տեղահանության հետևանքով կորստյան էր մատնվելու և հափշտակվելու էր նաև նրան պատկանող անշարժ գույքը:

1915թ. մայիսի 30-31-ին Նախարարների խորհրդի ընդունած որոշումը սահմանում էր, թե ինչպես պետք է ընթանար հայկական գույքի բռնագրավումը: Հունիսի 10-ին մանարամասներին առնչվող շրջաբերական հրապարակվեց: Եվ վերջապես 1915թ. սեպտեմբերի 26-ին հրապարակվեց ժամանակավոր օրենքը: Այս օրենքը և դրա կիրառության համար հրապարակված հրամանագիրը դարձան բռնազավթման ողջ քաղաքականություն իրավական հենքը: Ոմանք նույնիսկ իրար ձեռքից հայ երեխաների էին խլում, որպեսզի կարողանան տիրանալ հայերի գույքին:

Կաքավյան ընտանիք. Վան, 1906թ. ապրիլի 2 Կաքավյան ընտանիք. Վան, 1906թ. ապրիլի 2

Ցեղասպանությունը՝ երկու փուլով

Հայոց ցեղասպանության իրականացման երկու փուլ կա. տնտեսական և քաղաքական: Հայերին իրենց պատմական հողերից վտարելու քաղաքական պատասխանատուները «Միություն և առաջադիմություն» կուսակցության կադրերն են, ինչպես նաև կենտրոնական իշխանության` տեղերում գտնվող գործակիցները: Տեղական գործակիցներ-տեղական իթթիհատականներ, կառույցի ղեկավարներ-կարևոր դեմքեր: Այդ նշանավոր մարդիկ հայերի ունեցվածքի վրա են ի հայտ եկել: Այսօր կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության կազմում են գտնվում այն օրերին հայերի ունեցվածքի վրա հարստացած երեխաների թոռները: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության [Մուստաֆա Քեմալի հիմնած կուսակցությունն է, այժմ` գլխավոր ընդդիմություն – ՍիվիլՆեթ] հարստության հիմքում ընկած է թե՛ հույների, թե՛ հայերի գույքը:

Ե՛վ Ստամբուլում, և՛ գավառներում կապիտալի հիմքը հայերի ունեցվածքն է: Այդ իսկ պատճառով շատ դժվար է առերեսվել ցեղասպանությանը: Այսօր Թուրքիայում բուրժուազիայի ահռելի հարստության աղբյուրը հայկական և հունական գույքն է: Քրդստանում [Քրդստան ասելով` հասկանում են նաև պատմական Հայաստանի տարածքները – ՍիվիլՆեթ] էլ քուրդ աշիրեթների, շեյխերի, հողատերերի հարստության աղբյուրը հայկական գույքն է: Պետությունը գիտի, որ հայերի ունեցվածքը որոշ քուրդ ընտանիքների, աշիրեթների, շեյխերի կողմից բռնագրավվել է և գիտի, որ դրանով սպառնալով` կարող է ձուլել քրդերին: Այո՛, պետության միջոցով միլիոններ վաստակած պատերազմի հանցագործները, թիրախում պահելով փոքրամասնություններին, պաշտպանել են և պաշտպանելու են ցեղասպանությունը և թալանը:

1942թ. նոյեմբերի 11-ին «Թուրքացման շարժման» մի օղակ էլ ունեցվածքի հարկն է, որի հետևանքով առաջին աքսորը սկսել էր դեռ 72 տարի առաջ: Ունեցվածքի հարկով նախատեսվող գումարը վճարելու համար հայերը ստիպված էին վաճառել տները, գործարանները և ավարտել գործարար կյանքը:

1942թ. ունեցվածքի հարկը չվճարելու հետևանքով 160 հոգի էր աքսորվել: Պաշտոնական տվյալների համաձայն` 1400 մարդ Աշքալե էր ուղարկվել: Աքսորյալները քար էին տաշում, ճանապարհ նորոգում: Ունեցվածքի հարկի օրենքը, հարյուրավոր ոչ մուսուլմանների գաղթը, իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերի 6-7 իրադարձությունները «Միություն և առաջադիմություն» կուսակցության ժամանակաշրջանում սկիզբ առած Կապիտալի թուրքացման ծրագրի մի մասն էին:

Մեկնաբանել