Երթուղայինների վարորդները մտադիր են բողոքի ցույցը շարունակել կառավարության դիմաց

10846275_879852555382895_3838253019258817527_n Երևան, Նոր Նորք վարչական համայնք, դեկտեմբերի 18, 2014թ.

Դեկտեմբերի 18-ի առավոտյան Երևանում մի շարք երթուղիների՝ մասնավորապես Նոր Նորքը սպասարկող (68,73) վարորդները, որ հրաժարվել էին աշխատանքի դուրս գալ, կեսօրի դրությամբ շարունակում են գործադուլը: Նրանք իրենց որոշումը հիմնավորում են գազի թանկացմամբ:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, վարորդները երթուղայինները կանգնեցրել են Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգուն հարակից տարածքում, և պահանջում են ոչ միայն իջեցնել գազի, այլև վերջին օրերին թանկացած մի շարք ապրանքների գները: Վարորդները ցանկանում են շարժվել դեպի կառավարություն՝ այնտեղ շարունակելու բողոքի ցույցը, սակայն ոստիկանները փակել են նրանց ճանապարհը:

ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ գործադուլ են անում նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը սպասարկող երթուղիների վարորդները, որոնք աշխատանքի դուրս չէին եկել նաև դեկտեմբերի 17-ի առավոտյան: Երթուղիների սեփականատերերի և քաղաքապետարանի ներկայացուցիչների միջև բանակցություններից հետո վարորդները երեկ վերադարձել էին աշխատանքի:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունութից ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրին, որ այս պահին քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը՝ Հենրիկ Նավասարդյանը, և քաղաքապետի խորհրդականը բանակցում են Նոր Նորքում գործադուլ անող վարորդների հետ, և նրանց մի մասը վերադարձել է աշխատանքի, իսկ գազի սակագների փոփոխության հարցն իրենց իրավասությունից դուրս է: Քաղաքապետարանից նշեցին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը սպասարկող երթուղայինները աշխատում են բնականոն հունով:

Վարորդները նշում են, որ օրվա մեջ գազի յուրաքանչյուր լիցքավորում թանկացել է շուրջ 2000 դրամով:

Վերջին օրերին գազալցակայաններում 1 խմ գազի գինը 190-ից բարձրացել է 230 դրամի։

Մեկնաբանել